Գլխավոր Լրահոս

Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չի կառուցվում. ՏԿԵՆ

Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չի կառուցվում. ՏԿԵՆ

Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չի կառուցվում, ռուսական ռազմաբազայի հողահատկացում չի իրականացվել. ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հուլիսին լուրեր էին շրջանառվում, որ Տավուշի մարզում կառուցվում է ռուսական ռազմաբազա։ Մասնավորապես, հիշատակվում էր Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքը, որտեղ ակտիվ շինարարություն էր ընթանում։

Հուլիսի 12-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ պարզելու, թե արդյոք Տավուշի մարզում նախատեսվու՞մ է ռուսական ռազմաբազայի կառուցում, կա՞ն հողատարածքներ, որոնք հատկացվել են ռուսական ռազմաբազային։ Խնդրել էինք նաև հստակեցնել՝ շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակով։

Նախարարությունից պատասխանի համար լրացուցիչ ժամանակ էին խնդրել։ Ավելի քան մեկ ամիս անց՝ օգոստոսի 16-ին, գերատեսչությունը պատասխանեց ՍիվիլՆեթի հարցմանը՝ նշելով, որ Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չի կառուցվում, ռուսական ռազմաբազայի հողահատկացում չի իրականացվել։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Այգեպար համայնքի հարակից հատվածում շինարարական աշխատանքներ իրականացվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա, որոնք հետագայում նախատեսվում է հատկացնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ հետագա ծառայության իրականացման համար։ Քննարկվում է նշված տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ ծառայություն իրականացնելու հնարավորությունը»,- նշված է նախարարության պատասխան գրության մեջ։ 

Հետաքրքիր է, որ դեռ հուլիսին Բերդի համայնքապետարանից «Ազատություն» ռադիոկայանի բանավոր հարցմանն ի պատասխան նշել էին, որ օդանավակայանի տարածքը համայնքապատկան չէ, ինչը հակասում է ՏԿԵ նախարարության՝ մեզ ուղղված պատասխանին։ 

Օֆելյա Սիմոնյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում