Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:
«Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և այլն: Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում, շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,- ասաց Տերտերյանը:
Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան:
Վաչե Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետևում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ:
«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
***
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:
https://civilnet.am/news/674644/%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%b8%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-4-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b1-2-570-%d5%a8-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81%e2%80%a4-%d5%b4%d5%ab%d5%ba/
Civilnet











