Հայաստանն ու Իրանը ստորագրել են «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր, այս մասին նոյեմբերի 1-ին Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թեհրանի օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին։ Այնուհետև վարչապետն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին:
Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
«Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են»,- ասել է հանդիպմանը հետևած ասուլիսում հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քննարկել ենք տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր․ «Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ: Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում»,- ասել է նա։
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ «խոսակցությունը շարունակելու համար»:
https://civilnet.am/news/680935/%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%85%d5%bf%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b4%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%ab%e2%80%a4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0/
Civilnet











