Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հետ կապված հարցեր:

«Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի վերականգնման նախագծերին»,- նշում է Կրեմլը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

«Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է հայկական կողմի հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ քննարկվել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց քանի որ այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Խումբը «բողոքում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում վրաններ են տեղադրվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում