Գլխավոր Լրահոս

Արցախցիներին մեկ շղթայով շղթայված Ռուբեն Վարդանյանը 

Արցախցիներին մեկ շղթայով շղթայված Ռուբեն Վարդանյանը 

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախի Մարտունու շրջանում բնակիչների հետ հանդիպմանը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հիշել էր ամերիկյան կինեմատոգրաֆի «Մեկ շղթայով շղթայվածները» գլուխգործոցը: Ըստ սյուժեի՝ իրար շղթայված ռասիստ սպիտակամորթ և սևամորթ տղամարդիկ փախչում են բանտից: Չնայած ատելությանը՝ նրանք ստիպված իրար հետ համաձայնեցնում են իրենց բոլոր շարժումները, քանի որ ուրիշ ճար չկա՝ դժբախտության եղբայրները շղթայված են մեկ շղթայով: 

Վարդանյանի ասածն էլ է դա՝ չնայած փոխադարձ անբարյացակամությանը, մենք իրար շղթայված ենք, և պետք է մարդկանց շանս տալ՝ զրոյականացնել ամեն ինչ: Հանդիպումը Արցախի շրջափակումից հետո էր կազմակերպվել, սակայն մինչ շրջափակումն էլ էր ակնհայտ, որ վաղուց մեկ շղթայով շղթայված են, պարզապես շատերը ժամանակին չէին ուզում հավատալ հետնոյեմբերինյան իրականությանը: 

Անկեղծորեն, քիչ եմ ուզում քննադատել Վարդանյանին, մի անձ որ չորս կողմից բուլինգի է ենթարկվում՝ ադրբեջանական և հայկական մեդիահարթակներում, և ամենայն հավանականությամբ՝ Արցախի ներքաղաքական կյանքում էլ չէ ամեն ինչ հարթ: Այդ քննադատությունների մի մասը, մեղմ ասած, լուրջ չէ և չարժե քննարկման առարկա դարձնել (օրինակ, որ Ռուսաստանի մարդն է և ուզում է Արցախը ռուսական դարձնել):

Ռուբեն Վարդանյանի քայլերին կանրադառնամ բացարձակապես ներարցախյան դիտանկյունից: 

Օրինակ, ո՞ւմ է ուզում հնարավորություն տալ Վարդանյանը և ո՞ւմ մեղքերն է ուզում զրոյականացնել: «Հետքում» Կամո Աղաջանյանի անունը նշվեց: Աղաջանյանը Հադրութի շրջանից է, նա ոստիկանապետ էր Բակո Սահակյանի օրոք և ԱԱԾ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանի օրոք: Մի մարդ, որ սիրված կադր է եղել բոլոր իշխանությունների օրոք: Հիմա էլ սակրալ մի պաշտոն է զբաղեցնում՝ Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ: 

Հնարավոր է՝ «ուժային» Աղաջանյանին Վարդանյանը նաև որպես քաղաքական հենարան է տեսնում: Ինչքան էլ լավ ռեֆորմատոր լինես, դու արդեն քաղաքական դաշտի խաղացող ես, ուզես-չուզես խաղալու ես այդ խաղը, առավելևս՝ հիմա, երբ մյուս  արցախցիների հետ մեկ շղթայով շղթայված ես: Սակայն պատերազմական վիճակում գտնվող երկրներն իրենց չգրված կանոններն ունեն։ Երևի այդպես էր ժամանակին, օրինակ, Չեչնիայում ու Աբխազիայում: Մարդիկ միշտ միևնույն հարցն են տալու՝ ինչո՞ւ, երբ Արցախում ամեն ինչ վատացավ, Կամո Աղաջանյանը լքեց Արցախը: Կամո Աղաջանյանը խիստ հակասական կերպար է։ Հարցրե՛ք Հադրութի մտավորականներին, նրանցից շատերը կասեն, որ Հադրութը կորցրել ենք կամոաղաջանյանների, իվանավանեսյանների և նմանների պատճառով, որոնք հիմա առոք շարունակում են իրենց բիզնսեները վարել (տե՛ս ՍիվիլՆեթի հարցազրույցը  Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ՝ Հադրութն իրոք հնարավոր էր պաշտպանել): Չգիտեմ՝ որքանով են տեղին այս խորհուրդները, բայց կխնդրեի պահպանել պատերազմական կամ հետպատերազմյան երկրների չգրված օրենքները:

Արցախում ով էլ փորձի բարեփոխումներ անել, առերեսվելու է ծանր դիմադրության և դժգոհության: 

Պատերազմից հետո շարունակ նորանոր կառույցներ ստեղծել, օրինակ՝ Արցախի նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանում և «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը: 

Վերամբարձ խոսքեր, սակայն այսօր Արցախում անկախիկ գումարով հնարավոր չէ սեղմված գազ գնել կամ քաբաբ պատվիրել: Իսկ մի շարք պետական կառույցներ շարունակում են իրենց կայքերում անընթեռնելի PDF փաստաթղթեր կցել: Ի դեպ, առաջին կազմակերպությանը 2022-ին 172 մլն դրամ է հատկացվել պետական բյուջեից, իսկ երկրորդին՝ 92 մլն: Իմ կարծիքով՝ այս ամենը բացատրվում է մի քանի բառով՝ պոպուլիստկան որոշումներ հանուն աթոռի ամրապնդման:  

Իսկ հիմա անցնենք Վարդանյանի կադրային քաղաքականությանը: Նոյեմբերի 23-ին նրա համակարգման ներքո գտնվող ինը նախարարներն էլ ազատվեցին պաշտոնից, որոնցից չորսը շարունակեցին պաշտոնավարումը որպես պաշտոնակատար: Ամեն ինչ լավ է սկսվել, արդարության սկզբունքով, ինչպես Արցախում են ասում, առանց սիրի-սիրի անելու: Դեկտեմբերի 21-ին առաջին նշանակումն արեց՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին  պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը նշանակվեց առողջապահության նախարար: Կենսագրությունը պատկառելի է, մնում է տեսնել, թե ինչպիսին կլինի գործի մեջ: 

Այնուհետև՝ Ամանորի նախաշեմին, ևս երկու նախարարական նշանակում տեղի ունեցավ՝ Կադաստրի նախագահ Սուրեն Գալստյանը նշանակվեց Արցախի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար: 

Ուզում եմ հասկանալ՝ մեկամսյա կադրերի փնտրտուքից հետո ինչու են այդ մարդիկ ընտրվել: Այս նախարարները նախկիններից ինչո՞վ են առավել՝ Հարվարդի դիպլո՞մ ունեն: Անհասկանալի է: Լավ կլինի, որ պարոն Վարդանյանը պարզաբանի (իրոք, հնարավոր է, որ մի շարք գործընթացների մասին տեղյակ չենք): Առավելևս, որ ամեն քայլափոխի նա թափանցիկության կարևորության մասին է խոսում: 

Անցնենք առաջ: Դեկտեմբերի 25-ին բազմահազարանոց հանրահավաքին Ռուբեն Վարդանյանն ասաց, որ այս իրավիճակում երեք ճանապարհ ունենք. «Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս։ Երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին»: Սա մի ուշացած ճառ էր, որ ժամանակին Արցախի առաջին դեմքերը վաղուց պիտի անեին: Մնում է այս ամենը գործով ապացուցել, որ սովորական կարգախոսներ չլինեն, ու տարիներ անց այս խոսքերը ծաղրի ենթարկվեն նոր «Մազութի Համո» կերպարներում:

Ի դեպ, այս խոսքերը լրիվ ուրիշ կերպ կընկալվեին, եթե ամբիոնից խոսողը Սամվել Բաբայանը լիներ: Այո, նրա հետևից ավելի շատ մարդ կգնար: Սակայն միշտ էլ «դրսից» Արցախ եկած մարդկանց համար, նախքան սիրված դառնալը, սկզբնական փուլում միշտ դժվարություններ են եղել. Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի և Քրիստափոր Իվանյանի օրինակները վկա (ինչի մասին մեր պատմությունը սիրում է լռել): 

Իվանյանից խոսենք. ասում են, որ նա շրջում էր զորամասերով ու ցածր օղակի՝ հեռանկար ունեցող սպաներին առաջ «հրում»: Հարցեր չէին առաջանա, եթե Վարդանյանի նշանակած մարդիկ լինեին միջին օղակից ինչ-որ անհայտ տեխնոկրատներ, բայց փոխարենը տեսնում ենք վերջին քսան տարվա ընթացքում Արցախում հայտնի քաղաքական դիմակահանդեսը՝ փոխատեղումը: 

Նախքան շրջափակումը, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վարդանյանն ասաց, որ շատ փոփոխություններ դուր չեն գալիս էլիտաներին: Դա լավ ազդակ է, իհարկե։ Իսկ եթե շատ փոփոխություններ դուր չեն գալիս ոչէլիտաների՞ն:

Եթե պետական կառավարման մակարդակը շարունակի ընկնել, ապա իրոք կնշանակի, որ հաջողակ գործարարից հաջողակ քաղաքական գործիչ ու ռեֆորմատոր չի ստացվում: Ժամանակն է 1992-ի փորձով Պետական պաշտպանության կոմիտեի նման կառույց ստեղծել և մաքրել «ավգյան ախոռները»: Թե չէ հետո մարդկանց շատ չի հետաքրքրելու, որ մեկ շղթայով շղթայված ենք: Իսկ քաղաքական թայֆայականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու: 

Բայց ևս մի լուրջ խնդիր ունենք՝ զանգ կախող չկա: 

Կարդացե՛ք նաև՝ Ինչ կարող է և պետք է անի Ռուբեն Վարդանյանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում