Գլխավոր Լրահոս

Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի չեն անցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի չեն անցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի․ հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Տարեսկզբին ՌԴ պաշտպանության նախարարությունն, այնինչ, հայտարարել էր Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն 2023» համատեղ զորավարժություն անցկացնելու մասին։ 

Փաշինյանն ասաց՝ կա թյուրըմբռնում։ «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»,- հայտարարեց նա։ 

Խոսելով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հիմնական թեման Ռուսաստանի հետ անվտանգային օրակարգում եղել է այն հարցը, որ Ադրբեջանը կփորձի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություններ կատարել։

«Այդ խոսակցությունների ժամանակ մենք ստացել ենք հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար։ Երբ տեղի ունեցան 2021-ի մայիսի իրադարձությունները Սոթք-Խոզնավար հատվածում, մենք ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ գործընկերներից։ Ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք պատասխան, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն»,- նշեց Փաշինյանը։ 

Վերջինիս խոսքով՝ խնդիր կա ի ցույց դնելու նաև, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում. «Երևանում կայացած գագաթաժողովում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն էր, որ գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու ու հասկանալու՝ որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ու մենք ասել ենք, որ առանց այս գծի արձանագրման որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նաև ներկայացրեց՝ Ադրբեջանը Արևմուտքում խոսույթ է զարգացնում, իբր Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ է նախաձեռնելու Ադրբեջանի նկատմամբ, ուստի իրենք կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկում։ Սա, ըստ Փաշինյանի, աբսուրդ է, բայց ուկրաինական իրադարձությունների ֆոնին այդ խոսույթը հետաքրքրություն է ներկայացնում. «Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այդ փաստին՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ՌԴ ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ նաև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։ Մենք այս փաստերն արձանագրում ենք։ Մենք աշխատում ենք այս խոսակցությունը պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում