Շոթա Կինչա, OC Media
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը 2021-i հուլիսին ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար դատապարտված վեց մարդու պատժաչափը հինգից կրճատել է չորս տարվա։
Նշված վեց տղամարդիկ ներգրավված են եղել «Փիրվելի» հեռուստաընկերության լրագրող Միրանդա Բաղատուրիայի և օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի վրա հարձակման մեջ: Լաշկարավան, որը հարձակման ժամանակ ստացել էր դիմոսկրի կոտրվածքներ և ուղեղի ցնցում, հարձակումից մի քանի օր անց մահացել է, թեև պաշտոնական դիահերձման մեջ, որը հրապարակվել է միջադեպից վեց ամիս անց, ասվում է, որ նա մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից:
Երկուշաբթի կայացված վճռով Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Թբիլիսիի քաղաքային դատարանի 2022 թ․ ապրիլի որոշումը, որով Լաշկարավայի և Բաղատուրիայի վրա հարձակվելու համար Ակակի Նակաշիդեն, Թոռնիկե Դավլաշերիձեն, Դավիթ Կութալաձեն, Օթար Գելասվիլին, Ցոտնե Չիխլաձեն և Գիա Գիգուաշվիլին դատապարտվել էին հինգ տարվա ազատազրկման։

Մեղադրանքի «խմբակային բռնությանը մասնակցելու» մասով Վերաքննիչ դատարանի դատավոր Մայա Տետրաուլին հիշյալ վեց տղամարդկանց արդարացրել է։
Անկարագությունները հիմնականում համակարգվում էին ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» խմբավորման կողմից իրենց պատկանող հեռուստաընկերության և սոցիալական ցանցերում, որտեղ խմբի ղեկավարները ցուցարարներին ուղղորդում էին, թե ուր գնալ:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նրանց դատավճիռների այն հատվածը, որով վերջիններս մեղադրվում են դիտավորությամբ պակաս ծանր մարմնական վնասվածք հասցնելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելու և անձի մասնագիտական գործունեությամբ պայմանավորված բռնություն գործադրելով նրան հետապնդելու համար:
Դատավոր Տետրաուլին նաև մերժել է դատախազության միջնորդությունը, որով վեց դատապարտվածներից Չիխլաձեին մեղադրանք էր ներկայացվում նաև վրացական հանրային հեռարձակողի օպերատոր Իլիա Տվալիաշվիլիի առողջությանը դիտավորությամբ լուրջ վնաս պատճառելու համար։ Հարձակման հետևանքով Տվալիաշվիլին կորցրել է տեսողությունը։

«Error 404. արդարություն չի գտնվել»,- Վերաքննիչ դատարանի որոշման մասին լուրն այսպես է մեկնաբանել է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Tbilisi Pride կազմակերպությունը, որը ծրագրել էր 2021 թ․ հուլիսի 5-ին երթ անցկացնել Թբիլիսիում։
Դատախազությունը խոստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը վիճարկել Գերագույն դատարանում։
Այնուամենայնիվ, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան կազմակերպությունը կասկածի տակ է դրել անկարգությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դատախազության հանձնառությունը: Կազմակերպությունը Վերաքննիչ դատարանի վճիռն անվանել է «ատելություն տարածող խմբերի կողմից իրականացվող բռնությունների նկատմամբ անպատժելիության համախտանիշի խրախուսման ևս մեկ օրինակ»։
«Կարևոր է ընդգծել, որ դա նույն դատախազությունն է, որը կոծկում է բռնության հիմնական կազմակերպիչներին»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։
GYLA-ն և տեղական իրավապաշտպան այլ խմբերը, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանը բազմիցս կոչ են արել հետաքննություն անցկացնել և պարզել, թե «Ալտ Ինֆո»-ի ղեկավարությունն ինչ դեր է ունեցել հուլիսի 5-ի բռնությունների ժամանակ, սակայն դատախազությունը հրաժարվել է դա անել:
«Ալտ Ինֆո» ծայրահեղական խմբավորման կազմակերպած անկարգությունների համար Վրաստանի դատական իշխանությունները սկզբում մեղադրանք էին ներկայացրել 27 անձի։ Բռնարարքների կազմակերպիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Անկարգությունների ժամանակ «Ալտ Ինֆո»-ի անդամները տակնուվրա էին արել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հակակառավարական ցուցարարների վրանները, փորձել էին հետապնդել և հարձակվել ԼԳԲՏ համայնքների իրավունքների պաշտպանությանն ուղղված երթի կազմակերպիչներին և աջակիցների, ինչպես նաև հարձակվել միջադեպը լուսաբանող լրատվամիջոցների աշխատակիցների վրա:
Առնվազն 53 լրագրող վնասվածքներ էր ստացել բռնարար ամբոխի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով, դրանից հետո ոմանք ֆիզիկական կամ հոգեբանական տրավմայի պատճառով չեն կարողացել շարունակել աշխատանքը:
Լաշկարավայի մահվանից անմիջապես հետո նրա գործընկեր Միրանդա Բաղատուրիան այլևս չի զբաղվում լրագրությամբ։
Civilnet











