Գլխավոր Լրահոս

Վրաստան․ Միացյալ ազգային շարժումը փոխում է առաջնորդին՝ Սաակաշվիլիին ազատել չկարողանալու քննադատությունից հետո

Վրաստան․ Միացյալ ազգային շարժումը փոխում է առաջնորդին՝ Սաակաշվիլիին ազատել չկարողանալու քննադատությունից հետո

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության անդամները քվեարկել են կուսակցության ղեկավար Նիկա Մելիային Լևան Խաբեիշվիլիով փոխարինելու օգտին, ինչը նշանակում է կուսակցության ներսում Սաակաշվիլիամետ խմբակցության հաղթանակ:

Երկօրյա քվեարկությունից հետո երկուշաբթի կուսակցությունը հայտարարել է, որ Խաբեիշվիլին հաղթել է Մելիային՝ հավաքելով ձայների 53%-ը՝ Մելիայի 40%-ի դիմաց։

Քվեարկությունը առանցքային էր համարվում Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ապագան որոշելու համար: 2020-ի դեկտեմբերին կուսակցության նախագահ դառնալուց հետո Մելիան փորձել էր կուսակցությունը հեռացնել նրա անցյալից։ Իսկ Խաբեիշվիլին իր նախընտրական արշավն անցկացնում էր՝ քարոզելով, որ նախկին նախագահ և կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու համար ավելին անելու անհրաժեշտություն կա:

Դեռ 2020-ին Մելիան հաղթել էր Սաակաշվիլիի ֆավորիտ Լևան Վարշալոմիձեին և դրանից հետո լարված հարաբերություններ ուներ նախկին նախագահի հետ:

Թբիլիսիի կլինիկայում հոսպիտալացված և հինգ տարվա ազատազրկման դատավճռին սպասող Սաակաշվիլիին օգնելու հարցը շարունակում է մնալ Միացյալ ազգային շարժման բազմաթիվ կողմնակիցների հիմնական խնդիրը 2021-ի սեպտեմբերից, երբ Վրաստան ժամանած նախկին նախագահն ազատազրկվեց:

Միազյալ ազգային շարժումը համաձայնել էր միջանկյալ ներքին կուսակցական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ նոյեմբերին ծայրակետին հասավ Մելիայի նկատմամբ քննադատությունը, որ նա չի անում բավարարը Սաակաշվիլիին ազատելու համար:

Նիկա Մելիան

Քարոզարշավի ընթացքում Մելիան բողոքում էր կուսակցության ներսում «ոչ պաշտոնական ազդեցությունների» դեմ: Նա Սաակաշվիլիի մերձավոր դաշնակիցներին և Միացյալ ազգային շարժման իշխանության օրոք ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Իվանե Մերաբիշվիլիին և Դավիդ Կեզերաշվիլիին մեղադրել է Խաբեիշվիլիի թիկունքում կանգնած լինելու մեջ:

Այս ամսվա սկզբին Մելիան Մերաբիշվիլիին և Կեզերաշվիլիին մեղադրել էր նաև աուդիո ձայնագրության արտահոսքի մեջ, որում, կարծես, լսվում է, թե ինչպես է նա հայհոյում Սաակաշվիլիին, ինչը հիասթափեցրել է կուսակցության ներսում Սաակաշվիլիի համառ կողմնակիցներին:

Թեև երկու թեկնածուներն էլ պարտվելու դեպքում խոստացել էին հարգել կուսակցության կողմնակիցների ցանկությունները, քարոզարշավի ընթացքում լարվածությունը սրվել էր, հատկապես հունվարին, երբ Մելիան և Խաբեիշվիլին նույնիսկ չկարողացան համատեղ հանրահավաք անցկացնել ի պաշտպանություն Սաակաշվիլիի:

Միացյալ ազգային շարժումը հայտարարել է, որ ընտրությանը մասնակցելու գրանցված 50 000 հոգուց ավելի քան 41 000-ը առցանց քվեարկել է հանգստյան օրերին: Բոլոր նրանց, ովքեր պնդում էին, որ կուսակցության աջակից են, անդամակցության համակարգը թույլ էր տալիս գրանցվել քվեարկության համար, թեև նրանցից պահանջվում էր հղում Ֆեյսբուքի իրենց պրոֆիլին, որը պետք է ստուգվեր կուսակցության կողմից:

Կուսակցության նախագահի ընտրություններին հավակնում էր ևս երկու թեկնածու, որոնք երկուսն էլ ստացել են շուրջ չորս տոկոս: Մեկը Նոնա Մամուլաշվիլին էր, որին Մելիան հավաքագրել էր երկու տարի առաջ՝ որպես «երիտասարդացած» թիմի մաս, իսկ մյուսը՝ Գիորգի Մումլաձեն։

Տե՛ս նաև՝ Վրաստանում Միացյալ ազգային շարժման ղեկավարի թեկնածուն սպառնում է Սաակաշվիլիին ուժով ազատել բանտից

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում