Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ հայկական բանակը հակաօդային OSA համակարգեր գնելիս չի կատարել պարզ հաշվարկներ

Ինչո՞ւ հայկական բանակը հակաօդային OSA համակարգեր գնելիս չի կատարել պարզ հաշվարկներ

Նախորդ հոդվածում ներկայացրեցի քանակական, բայց մոտավոր հաշվարկ, որով կարելի էր գնահատել ադրբեջանական ԱԹՍ-ների սպառալիքի աստիճանը ՀՀ զինված ուժերի համար: 

Տե՛ս՝ Ոչխարն այնուամենայնիվ սև չէր․ ադրբեջանական ԱԹՍ-ների վնասի էմպիրիկ հաշվարկ։

Իմ նկարագրածը էմպիրիկ վերլուծության օրինակ է: Էմպիրիզմը ենթադրում է մեծ քանակությամբ տեղեկություններ ինչ-որ ~ անփոփոխ համակարգի մասին, և չի պարտադրում այդ համակարգի մասին խորը գիտելիքների առկայություն: Կոպիտ ասած՝ դու գիտես, որ համակարգը ինչ-ինչ (անհայտ) պատճառներով իրեն վարում է ահա այսպես։ Դրա հիմքի վրա կարող ես գնահատել նրա ապագա վարքը:  Էմպիրիզմը շատ հզոր մեթոդաբանություն է այն դեպքում, երբ համակարգը քիչ է փոփոխվում: Բայց անգամ փոփոխություների դեպքում, եթե դրանք փոքր են, էմպիրիկ հաշվարկներով կարելի է ահագին բան հասկանալ (երբեք չմոռանալով, որ հաշվարկները շատ մոտավոր են):

Կա համակարգի գնահատման ուրիշ մեթոդաբանություն` ֆունդամենտալ վերլուծություն:  Ֆունդամենտալ վերլուծության ժամանակ դու ուսումնասիրում ես համակարգի ներքին հատկանիշները, և այդ տվյալների (կամ էլ՝ այդ տվյալների մոտավորացված գնահատականների) հիման վրա փորձում ես կանխատեսել նրա վարքը:

Եկեք դիտարկենք մեկ ուրիշ, էլի ԱԹՍ-ների հետ կապված օրինակ:

Եթե հիշում եք, 2019-ին ՀՀ ԶՈՒ-ն մեծ ցնծությամբ գնեց 9K33 OSA տեսակի ՀՕՊ համակարգեր: Ու էլի նույն մեսիջը հասարակությանը` ադրբեջանական ԱԹՍ-ները սպառնալիք չեն ներկայացնում: Այն ժամանակ պետք էր հարցնել՝ արդյոք ԽՍՀՄ-ի ժամանակներում մշակված ՀՕՊ համակարգը լրջորեն կկարողանա՞ դիմակայել ժամանակակից դրոների հարձակմանը:

Այս հարցին պատասխանելու համար պետք է քննարկել, թե ինչպես է ՀՕՊ ռադարը հայտնաբերում և թիրախավորում օդային սպառալիքը: Համակարգմ ունի մի ռադար, որը սքան է անում հորիզոնը, գրանցում արտացոլված ռադիո-ազդանշանը,  ինչը թույլ է տալիս օպերատորին ինչ-որ հեռավորության վրա հայտնաբերել օդային թիրախներ: Կա նաև երկրորդ ռադար, որը թիրախավորման դեպքում «լուսավորում» է նշանակետը նեղ ռադիոփնջով: Արձակվում է հրթիռ, որի մարտագլխիկը պարունակում է ուղղորդման սարք: Այս սարքը տեսնում է արտացոլված ռադիոազդանշանը, և փոխում է հրթիռի ուղեգիծը այնպես, որ հրթիռը շարժվի ռադիոազդանշանը արտացոլող թիրախի ուղղությամբ: 

Թիրախավորման հաջող կամ անհաջող լինելը կախված է մի շարք գործոններից:  Դրանցից են ռադարի հեռարձակիչի հզորությունը, ռադարի ընդունիչի, ինչպես նաև հրթիռի ընդունիչ/ուղղորդիչի զգայունությունը, և ամենակարևորը` թիրախի արտացոլականությունը (իր վրա ճառագայթած էներգիայի արտացոլած տոկոսը՝ կոպիտ ասած): 

Ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ նախագծելիս մեծ առաջնահերթություն է տրվում այս արտացոլականությունը նվազեցնելուն (որը արվում է ինչպես օդանավի կորպուսի երկրաչափության օպտիմալացմամբ, այնպես էլ մեքենայի մակերեսին դիմադրության համընկնում (impedance match) ստեղծող դիէլեկտրիկ նյութերի գործածությամբ): Արևմուտքում այս արտացոլականությունը կոչվում է radar cross section (RCS)՝ ռադարային կտրվածք, և արտահայտվում է մակերեսի միավորներով:  Ինչևէ, կարևորն այն է, որ արտացոլված ազդանշանի հզորությունը ուղիղ համեմատությամբ կախված է կտրվածքից:

Վերադառնանք OSA-ներին: Ի՞նչ հեռավորության վրա OSA-ն կարող է հայտնաբերել և թիրախավորել, օրինակ, իսրայելական Harop թևածող զինամթերքը (կամիկաձե դրոն): Դրա համար եկեք պատասխանենք դրան նախորդ հարցին. իսկ ի՞նչ հեռավորության վրա կարող է OSA-ն թիրախավորել, օրինակ, ռազմական ուղղաթիռը (քանի որ OSA-ներն առաջին հերթին հենց դրանց դեմ են մշակվել` խորհրդային տանկային ուժերը ՆԱՏՕ-ի հարվածային ուղղաթիռերից պաշտպանելու համար): Եթե դիտարկենք բաց տեղեկությունները, ապա կգտնենք, որ OSA-ի թիրախավորման հորիզոնը 10 կմ է… բայց սա շատ շռայլ թիվ է։ 10 կմ-ն նրա հրթիռի թռիչքի շառավիղն է: Լավ, լինենք լավատես և ենթադրենք, որ OSA-ն իսկապես կարող է թիրախավորել ուղղաթիռը 5-10 կմ-ից:

Հիմա անցնենք Harop-ին:  Ինչպե՞ս է Harop-ի ռադարային կտրվածքը համեմատվում միջին տեսակի մարտական ուղղաթիռի կտրվածքին: Harop-ին վերագրում են մոտ 0,2 մ2 կտրված: Իսկ որքա՞ն է OSA-ի «իդեալական որսի» ուղղաթիռը. ահա այստեղ բերված հոդվածում ուսումնասիրվում է ֆրանսիական (Mi-8-ի շատ նման) ռազմական ուղղաթիռը, որին վերագրվում է մինչև 20-40 dBsm --> 100-10000 մ2 կտրվածք: Այսինքն Harop-ի կտրվածքը մոտ 10000/0.2 = 50000 անգամ ավելի փոքր է:

Լավ, իսկ ինչպե՞ս է կտրվածքների այս հարաբերությունը ազդում թիրախավորման շառավղի վրա: Այստեղ պետք է հաշվի առնել, թե արտացոլված ազդանշանը ինչպես է կախված հեռավորությունից:  Այն ունի հետևյալ համեմատականությունը`

Signal ∝ (կտրվածք)/R4։

Վերջապես, մենք կարող ենք տալ հետևյալ հարցը՝ եթե OSA-ն կարող է թիրախավորել ամենաքիչը 100 մ2 կտրվածք ունեցող ուղղաթիռը ամենաշատը 10 կմ հեռավորությունից, ապա ի՞նչ հեռավորությունից այն կկարողանա թիրախավորել 0,2 մ2 ունեցող Harop-ին:

Սրա պատասխանը կարելի է հաշվել հետևյալ հավասարմամբ`

Signal_detection = const. * 0,2 / (R_harop)4 = const. *  100/(R_heli)4, որտեղ 0,2-ն ու 100-ը կտրվածքներն են, իս R_heli=10km:  Երկու կողմից const.-ը կրճատվում, է, ու ստանում ենք

R_harop = R_heli *(0,2/100)(1/4) = 2km

Այսինքն, OSA-ն լավագույն դեպքում 2 կմ-ից կարող է հայտնաբերել ու տեսականորեն թիրախավորել Harop-ին: Այս թիվը ստացանք շատ լավատես մոտարկումներով: Եթե ուղղաթիռի կտրվածքը վերցնենք որպես 10000 մ2, ապա պատասխանը կլինի

R_harop = 0,7 km: Սա չափից ավելի մոտ է ՀՕՊ-ը թիրախավորող Harop-ին լուրջ հակազդեցություն ցուցաբերելու համար:

Վերջապես, Harop-ը կարող է ուրիշ տակտիկա գործածել: Բոլոր ռադարները ունեն «կույր տարածք»` ուղիղ իրենց վերևում: Harop-ը կարող է 4 կմ բարձրության վրա մոտենալ OSA-ին` այսպիսով դուրս մնալով հայտնաբերման շառաիղից, մտնել նրա ռադարի վերևի «կույր տարածքը», ինչից հետո վերևից հարձակվել ու ոչնչացնել ՀՕՊ համակարգը:

Նկատեք, որ ես անգամ չեմ էլ քննարկել այն սցենարը, երբ բազմակի Harop-ներ հարձակվում են միաժամանակ (այսպես կոչված` swarm attack): Ես գործածել եմ շատ լավատեսական ենթադրություններ… և անգամ դրանց դեպքում ստացվում է, որ OSA-Harop առճակատման դեպքում և Harop-ի խելամիտ գործածման դեպքում OSA-ն ողջ մնալու հույս չունի:  Համեմատության համար՝ Harop-ը արժե 100,000 դոլար, իսկ OSA-ն՝ 1 մլն դոլար:

Սա նույնպես վերլուծություն է, որ կարող էր արվել, բայց չէր արվել նախքան OSA-ների գնումը: Ինչո՞ւ չէր արվել: Արդարացումներ չկան: Նկատենք, որ գաղտնի որևէ տեղեկություն ես այստեղ չեմ գործածել: Այս վերլուծությունը կարող էր անել, օրինակ, Գիտությունների ակադեմիայի գիտնականների մի հանձնաժողով: Դրա պրակտիկան կա ԱՄՆ-ում, և դրա մասին կգրեմ հաջորդ անգամ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում