Գլխավոր Լրահոս

Մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ձևաչափում. Նիկոլ Փաշինյան

Մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ձևաչափում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսլեյան ձևաչափից:

«Մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ձևաչափի մեջ: Մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց գրեթե ոչինչ չի իրագործվել»,- մարտի 14-ին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը` հիշեցնելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին բրյուսելյան եռակողմ բանակցություններում պայմանավորվել էին գործարկել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, ինչն այդպես էլ չիրագործվեց: 

«Երկաթուղին պետք է գործի այն երկրների օրենսդրությանը համահունչ, որի տարածքով այն անցնում է: Այդ պայմանավորվածության մասին գրառում ես կատարել եմ եռակողմ բանակցությունների սենյակում՝ բովանդակությունը վերստուգելով ու ճշտելով: Մինչև այժմ երկաթուղու շինարարությունը չի վերսկսել: Ուղիղ մեկ շաբաթ անց, երբ պետք է այդ պայմանավորվածությունը գրավոր տեսքով հաստատվեր, Ադրբեջանը հրաժարվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նկատեց, որ բրյուսելյան ձևաչափով տասից ավել նման պայմանավորվածություններ են ձեռք բերել, բայց դրանք չեն իրագործվել՝ ներառյալ գերիների ազատ արձակման հարցը:

«Կա խոսույթ, և դա ճիշտ խոսույթ է՝ երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգն ավելանում է: Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլ ավելացնում են»,- նկատեց Փաշինյանը՝ հշեցնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ընդդեմ Հայաստանի տեղի ունեցավ Բրյուսելում հանդիպումից տասներեք օր անց` սեպտեմբերի 13-ին: 

Հայաստանը, ինչպես նկատեց Փաշինյանը, չի հրաժարվում բրյուսելյան ձևաչափով բանակցություններից, սակայն կողմ է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածութունները կատարվեն: 

«Եթե տասից ավել պայմանավորվածություններ կան, ու դրանք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ կա նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել»,- հարցադրում արեց վարչապետ Փաշինյանը: 

Չնայած բրյուսելյան ձևաչափի արդյունավետության հետ կապված խնդրին` Փաշինյանը շատ արդյունավետ գնահատեց անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունները: «Հիմա Ֆրանսիայի միջնորդությամբ քառակողմ ձևաչափով բանակցութուններն Ադրբեջանին դուր չեն գալիս, բայց այդտեղ էլ լուծում կա: Եկեք հնգակողմ անենք՝ Գերմանիային էլ հրավիրենք, ԱՄՆ-ին էլ հրավիրենք: Մենք պատրաստ ենք»,- ասաց նա։  

Փաշինյանը նշեց, որ այս պահին ադրբեջանական կողմի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն չկա: «Այս պահին հանդիպում նախատեսված չէ: Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից: Բայց պետք է լինեն պայմանավորվածությունների կատարման երաշխիքներ»,- նկատեց Փաշինյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում