Գլխավոր Լրահոս

Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում. Արմեն Գրիգորյան

Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում. Արմեն Գրիգորյան

Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում: ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից չստանալով ակնկալվող աջակցությունը՝ Հայաստանն անվտանգության այլ երաշխիքներ է փնտրում․ ասել է  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Արձագանքելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու մասին ռուսական կողմից հնչող կասկածներին և հայտարարություններին` ԱԽ քարտուղարը հիշեցրեց` դեռ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության ոլորտում որևէ փոփոխություն չի կատարելու: 

«Իսկապես այդպես է եղել: Ես որպես պաշտոնյա մինչև 2021 թվականի դեկտեմբերը որևէ արևմտյան մայրաքաղաքում չեմ եղել, որևէ կոլեգայի հետ չեմ հանդիպել որպես անվտանգության խորհրդի քարտուղար: Սա մեր արտաքին քաղաքականության դիրքորոշումն էր և վարման ցուցիչ է եղել», - նշում է Գրիգորյանը:

Փոխարենը նա եղել է Բիշքեկում, Աստանայում, Մոսկվայում, Թեհրանում, Դելիում և այլուր: Նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի անվտանգության խոցելիության պայմաններում արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն կատարվել: 

«Մենք Ռուսաստանի հետ խոսել ենք, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Օրինակ, որ Հայաստանի սահմանը «կարմիր գիծ» է, Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության և այլն: Դրանից հետո 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի վրա երկու հարձակում է տեղի ունեցել և մեր առջև խնդիր է առաջ եկել՝ մտածել մեր անվտանգության միջավայրի մասին», - նշում է Արմեն Գրիգորյանը: 

Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ուղենիշը նա անվանում է «այլընտրանքների փնտրտուք», իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու մասին դիտարկումներին ու կասկածներին հակադարձում. «Մենք օգնության համար ՀԱՊԿ-ին դիմել ենք 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և այդպես շարունակ: Եվ երբ որ օգնություն չենք ստացել, մենք այդ ժամանակ ենք փորձել այլընտրանքներ փնտրել: Երբ մեզ մեղադրում են, որ մենք արտաքին քաղաքականությունն ենք փոխում, ես առաջինը նրանց կմեղադրեմ: Դուք մտածեք՝ մենք ձեզնից ենք առաջինը օգնություն խնդրել, ձեզ ենք ասել՝ մեր հարցը 2021 թվականի մայիսին լուծեք, նոյեմբերին լուծեք: Երբ տեսել ենք՝ չեք լուծում, գնացել ենք անվտանգության երաշխիքներ փնտրելու»: 

Այդ համատեքստում Գրիգորյանը հատուկ արձանագրում է` այդ ժամանակ Ուկրաինայի պատերազմը չէր ընթանում: «Սա շատ կարևոր է արձանագրել: Հիմա շատերը քննարկում են, թե Ուկրաինայի պատերազմի պատճառով է երևի այս ամենը տեղի ունենում: Ո՛չ՝ մեր մեր պրակտիկայի պատճառով է սա տեղի ունենում: Եվ ես սա չէի կոչի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն: Ես դա կկոչեի անվտանգության որոշակի փնտրտուք… Հայաստանի ներկայիս վարվող քաղաքականությունը արձագանք է, այլ ոչ թե նախապես պլանավորված որոշում»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Զրույցի ընթացքում Գրիգորյանն արձագանքում է նաև ռուսաստանցի փորձագետների ու որոշ պաշտոնյաների հայտարարություններին առ այն, թե ինչ աջակցություն պետք է ակնկալել Ռուսաստանից, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ բախումների ժամանակ ոչ ռազմական դրություն է հայտարարել, ոչ էլ՝ զորահավաք: 
«Երբ ցանկանան օգնել, հազար պատճառ կգտնեն օգնելու, երբ չցանկանան օգնել, հազար պատճառ կգտնեն չօգնելու: Ռազմական դրության մասին օրենքն ընդունեինք, կասեին՝ սահմանը դելիմիտացված չէ, չգիտենք՝ որտեղ պահենք, եթե դա էլ հստակ լիներ, կասեին` ուզո՞ւմ եք, որ մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնենք», - նկատում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում