Գլխավոր Լրահոս

Վրաստանի խորհրդարան ԼԳԲՏ «քարոզչությունն» արգելող օրինագիծ կներկայացվի

Վրաստանի խորհրդարան ԼԳԲՏ «քարոզչությունն» արգելող օրինագիծ կներկայացվի

Թաթա Շոշիաշվիլի, Ռոբին Ֆաբբրո, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դաշնակիցները պատրաստվում են ԼԳԲՏ համայնքի «քարոզչությունն» արգելող օրինագիծ ներկայացնել խորհրդարան։ Նախաձեռնությունը հաջորդում է «Վրացական երազանք»-ի առաջնորդների արշավին, որի ընթացքում վերջիններս քննադատում էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին՝ նրանց ներկայացնելով որպես չարիք։

Երեքշաբթի իշխանամետ «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության առաջնորդ Պրիդոն Ինջիան հայտարարել է, որ օրինագիծը խորհրդարան կներկայացնեն շաբաթվա վերջին:

Նա ասել է, որ դրանով արձագանքում է ապրիլի 30-ին կառավարության մեկ այլ դաշնակից երգիչ Գիա «Ուծնոբի» Գաչեչիլաձեի առաջնորդած ցույցի ժամանակ հնչած պահանջներին։

«Վրացական երազանք»-ը նույնպես չի հապաղել աջակցություն հայտնելու այսպիսի օրենքին։

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն զգուշացրել է, որ ԼԳԲՏ համայնքի «քարոզչությունը» կարող է «կտրուկ մեծացնել կոնկրետ խմբի ներկայացուցիչների թիվը»։ Այս հայտարարությամբ նա արձագանքել է կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքի հրապարակմանը, որը վերաբերում էր ԱՄՆ-ում ԼԳԲՏ մարդկանց թվի աճին:

«Այս հարցը շատ արդիական է դարձել ժամանակակից աշխարհում»,- ասել է նա։

Օրենսդրության մանրամասները դեռ պետք է հրապարակվեն։ Այնուամենայնիվ, այս քայլը հիշեցնում է ԼԳԲՏ համայնքի քարոզչության վերաբերյալ ռուսական օրենքը, որն ընդունվել է 2013-ին:

Այս քայլը նաև տեղի է ունենում այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը ստիպված եղավ շրջադարձ կատարել օտարերկրյա գործակալների մասին նախատեսված օրենքի հարցում։ Այն ևս ապշեցուցիչ նմանություն ուներ ռուսական օրենսդրությանը, որն օգտագործվում է Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցներին ճնշելու համար:

Քանի որ կառավարությունը ստիպված եղավ հետքայլ անել, կառավարամետ լրատվամիջոցները փորձում էին վարկաբեկել օրինագծի դեմ պայքարող ցուցարարներին, այդ թվում՝ վկայակոչելով ցուցարարներից մեկի սեռական կողմնորոշումը, ում նկատմամբ ներկայում դատական գործ է ընթանում։

Մարտի սկզբին ցուցարարներն ուղիղ երկու գիշեր մինչև վաղ առավոտ շարունակեցին դիմակայել ոստիկաններին՝ կառավարությանը ստիպելով հրաժարվել օտարերկրյա գործակալների մասին օրենքից: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ևս նման հայտարարություններ է արել Լազարե Գրիգորիադիսի մասին՝ ասելով, թե «նրա բոլոր կողմնորոշումները խառնված են»:

ԵՄ-ի նկատմամբ միտումնավոր արհամարհա՞նք

ԵՄ-ն Վրաստանին հասկացրել էր, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը անհամատեղելի կլինի միությանը երկրի անդամակցության հայտի հետ, որը հանրության շրջանում մեծ աջակցություն է վայելում:

ԼԳԲՏ համայնքի քարոզչության մասին օրենքը, հավանաբար, ևս Բրյուսելի դիմադրությանը կարժանանա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017-ին վճռել էր, որ ԼԳԲՏ համայնքի քարոզչության վերաբերյալ Ռուսաստանի օրենքը խտրական է և խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իսկ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 2013-ի զեկույցում նշվում էր, թե քանի որ օրենքն արգելում է միայն «նույնասեռականության քարոզչությունը», այլ ոչ թե «հետերոսեքսուալ քարոզչությունը», ապա այն իր էությամբ խտրական է:

Թեև «Վրացական երազանք»-ի առաջնորդները պնդում են, թե դեռ հավատարիմ են ԵՄ-ին միանալու հանձնառությանը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր նրանք հաճախ են թշնամական վերաբերմունք արտահայտում ԵՄ-ի և ընդհանրապես Արևմուտքի նկատմամբ:

2022-ի հունիսին ԵՄ-ն հրաժարվեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, ինչի հետևանքով Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան։


ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցող ցույցերը երկրի պատմության մեջ ամենախոշորներից էին։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Փոխարենը ԵՄ-ն Վրաստանին 12 հանձնարարական տվեց, որպեսզի վերանայվի անդամակցության հայտը։ Դրանք ներառում էին նաև «խոցելի խմբերի իրավունքներն ամրապնդելու համար արագ գործողությունների կատարումը»:

Առաջարկվող մյուս բարեփոխումները, ներառյալ դատական համակարգում քաղաքական միջամտության վերացումը, նույնպես մնացել են փակուղում: Ապրիլի 5-ին ԱՄՆ-ը պատժամիջոցների ենթարկեց վրացի չորս գործող և նախկին դատավորների, որոնք, հանրության մեծ մասի կարծիքով, դատական համակարգում գործող կառավարամետ «կլանի» անդամներ են:

Վրաստանը նաև հրաժարվել է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ-ի ընթացիկ զորավարժություններին: Երեքշաբթի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այդ որոշումը հիմնավորել է մասնակցության «լոգիստիկ ծախսերով»։

Վրաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գիորգի Տաբագարին ենթադրում է, որ ԼԳԲՏ համայնքի քարոզչության օրենքը կանխամտածված քայլ է, որով փորձ է արվում տորպեդահարել ԵՄ-ին երկրի անդամակցությունը:

«Նույնիսկ փոքր երեխային է հասկանալի, որ Եվրամիությանն ինտեգրվելու վրացական երազանքը շարունակում է սաբոտաժի ենթարկվել»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ առջևում «դժվար շաբաթներ» են սպասվում։

Չնայած վերջին տարիներին «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների շարունակ սաստկացող հոմոֆոբ հռետորաբանությանը, հատկապես վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի վերանշանակումից հետո, կուսակցությունը ժամանակին ավելի հանդուրժող մոտեցում է ցուցաբերել այս հարցում:

2014-ին «Վրացական երազանքը» ընդունել է հակախտրական օրենսդրություն, որն արգելում է սեռով կամ գենդերով պայմանավորված խտրականության դրսևորում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում