Գլխավոր Լրահոս

Թյուրքալեզու երկրները՝ նոր դրոշի տակ

Թյուրքալեզու երկրները օգոստոսի 22-23-ին Բիշքեկում կայացած գագաթաժողովում միասնական դրոշ են ընդունել՝ Ղրղըզստանի դրոշի արևը, Ադրբեջանի դրոշի աստղը, Թուրքիայի դրոշի կիսալուսինը և Ղազախստանի դրոշի կապույտ գույնը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չորս պետությունները իրենց ազգային դրոշների կողքին պետք է կրեն նաև նոր դրոշը: Թուրքալեզու մյուս երկու երկրները՝ Ուզբեկստանը և Թուրքմենստանը, մաս չեն կազմում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին (ԹՊՀԽ):

Թյուրքալեզու պետությունների համագործակցության սկիզբը համարվում է 1992 թվականը, երբ Թուրքիայի ութերորդ նախագահ Թուրղութ Օզալը Անկարայում կազմակերպեց գագաթաժողով՝ հրավիրելով նախկին խորհրդային հինգ թյուրքալեզու հանրապետությունների առաջնորդներին: Քսան տարի առաջ Անկարայում Օզալի նախաձեռնությամբ ստորագրվեց հռչակագիր, որի տակ իրենց ստորագրությունը դրեցին Աբուլֆազ Էլչիբեյը (Ադրբեջան), Նուրսուլթան Նազարբաևը (Ղազախստան), Ասկար Ակաևը (Ղրղզսատան), Իսլամ Քարիմովը (Ուզբեկստան) և Սափարմուրադ Նիյազովը (Թուրքմենստան):

Օզալը լուրջ կարևորություն էր տալիս Թուրքիայի և նորանկախ թյուրքալեզու հանրապետությունների համագործակցության խորացմանը: Օզալը հավակնում էր առաջատար դեր ստանձնել ողջ թյուրքական աշխարհում: Ավելին, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունները, Օզալի կարծիքով, պետք է հենց Թուրքիայի տարածքով մերձենային Եվրոպային, իսկ կասպյան ուժանյութերը թուրքական տարածքներով արտահանվեին համաշխարհային շուկաներ:

Այն ժամանակ Թուրքիան Արևմուտքի քաջալերանքով հավակնում էր լրացնել այն բացը, որը ստեղծվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո՝ նորանկախ Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու չորս հանրապետություններից դուրս մղել Ռուսաստանին: Անցնող երկու տասնամյակները, սակայն, ցույց տվեցին, որ թյուրքալեզու լինելը դեռ բավարար չէ, որպեսզի Թուրքիայի հովանու ներքո տեղի ունենա պետությունների համախմբում և իրական համագործակցություն: Թյուրքալեզու ասվածն ինքնին հարաբերական է, քանի որ ղազախն ու ղրղըզը մեծ դժվարությամբ են հասկանում թուրքերեն: Բացի այդ, անգամ քսան տարի անց Ղազախստանի ու Ղրղըզստանի իշխանական վերնախավը, մտավորականությունը, ինչպես նաև քաղաքային բնակչությունը մնացել են ռուսախոս և նրանց համար ռուսերենը շատ ավելի հարազատ լեզու է, քան թուրքերենը:

Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու մյուս երկու պետությունները՝ Թուրքմենստանը և Ուզբեկստանը, վերջին տարիներին վարում են չեզոք արտաքին քաղաքականություն: Երկու երկրներն էլ հրաժարվում են անդամակցել տարածաշրջանային կազմակերպություններին: Միակ թյուրքալեզու երկիրը, որտեղ Թուրքիան կարողացավ հաստատել տնտեսական և ռազմաքաղաքական զգալի ներկայություն, Ադրբեջանն է: Բայց այդ հաջողության պատճառը ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների լեզվական ու էթնիկ ընդհանրություններն են, այլ առաջին հերթին ընդհանուր շահն ու քաղաքական պրագմատիզմը: Ադրբեջանը Թուրքիայի դիվանագիտական-քաղաքական ու ռազմական-քարոզչական օժանդակության կարիքն ունի Լեռնային Ղարաբաղի հարցում, իսկ Թուրքիայի համար Ադրբեջանը կարևորվում է որպես ուժանյութերով հարուստ պետություն և կարևոր գործընկեր Հայաստանի շրջափակման և մեկուսացման հարցում:

Թուրքիան, սակայն, շարունակում է թյուրքալեզու հանրապետություններում հավակնել առաջատար դերի: Վերջին տասը տարիներին, երբ իշխանության է եկել չափավոր իսլամամետ «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը, թուրքական տնտեսությունը զարգանում է մեծ թռիչքներով: Այսօր Թուրքիայի տնտեսությունը իր մեծությամբ աշխարհում զբաղեցնում է 16-րդ տեղը: Թուրքական արագ աճող տնտեսությանը անհրաժեշտ են մի կողմից մատչելի գներով ուժանյութեր, որը նա ձգտում է ստանալ Կասպիցի հարուստ ավազանից, մյուս կողմից՝ նույն Կասպիցի ավազանը, որտեղ հիմնականում բնակվում են թյուրքական ժողովուրդները, սպառման գրավիչ շուկա է թուրքական արտադրանքի համար:

Տնտեսական ցուցանիշները հաստատում են, որ չնայած հավակնություններին, Թուրքիան դեռևս առաջատար դիրք չի զբաղեցնում թյուրքալեզու այն երեք հանրապետություններում, որոնք մաս են կազմում  Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին (ԹՊՀԽ): Այսպես, ըստ 2011 թվականի տվյալների՝ Թուրքիայի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 4 միլիարդ դոլար, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ 3,4 միլիարդ, Թուրքիայի և Ղրղըզստանի միջև՝ 232 միլիոն դոլար: Այս թվերը, հաշվի առնելով վերոնշյալ պետությունների աշխարհագրական մեծությունը և բնակչության ընդհանուր թվաքանակը (գրեթե 100 միլիոն), բոլորովին էլ տպավորիչ չեն: Տպավորիչ չեն նաև Թուրքիայի ընդհանուր ներդրումները ԹՊՀԽ անդամ երեք երկրներում: Քսան տարիների ընթացքում Թուրքիան Ադրբեջանում կատարել է ընդամենը 7 միլիարդ դոլարի ներդրում, Ղազախստանում՝ 2 միլիարդի, Ղրղըզստանում՝ 1 միլիարդի:

Ինչպես Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի տնտեսական և քաղաքական հիմնական մրցակիցները Ռուսաստանը և Չինաստանն են:

Դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա թուրքական էքսպանսիայի ձախողման պատճառները մի քանիսն են: Նախ, թուրքերը միշտ էլ զուսպ են եղել Ռուսաստանի հետ մրցակցության մեջ մտնելու հարցում: Ինչպես ԹՊՀԽ-ին մաս կազմող Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի, այնպես էլ մյուս թյուրքալեզու երկու երկրների՝ Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ Ռուսաստանը պահպանում է գործընկերային սերտ համագործակցություն ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմական ոլորտներում: Երկրորդ, թյուրքալեզու հանրապետություններում, անգամ եղբայրական համարվող Ադրբեջանում, թուրքական ընկերությունները հանդիպում են լուրջ խոչընդոտների ու տնտեսական մրցակցության: Թյուրքալեզու հանրապետություններում, առաջին հերթին՝ Ադրբեջանում, տնտեսությունը ունի հիմնականում կլանային և օլիգարխիկ բնույթ, ինչը ևս խոչընդոտում է, որպեսզի թուրքական ընկերությունները և ապրանքները շուկայում ազատ շունչ քաշեն ու լավ զգան: Մի շարք թուրքական ընկերություններ ուղղակի չեն դիմացել և պարտված հեռացել են Ադրբեջանից: Երրորդ, ինչպես Թուրքիա-Ադրբեջան, այնպես էլ Թուրքիա-Ղազախստան հարաբերություններին լարվածություն հաղորդող պատճառներից է ուժանյութերի գները: Թուրքիան, շահարկելով թյուրքալեզու լինելու իրողությունը և թյուրքական համերաշխությունը, ձգտում է Ադրբեջանից և Ղազախստանից ուժանյութեր ներկրել համեմատաբար ցածր գներով: Այդ քաղաքականությունը դժգոհություն է առաջ բերում հատկապես Ադրբեջանում: Այսպես, Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին գազային պայմանագրերից մեկը ստորագրվեց մի քանի անգամ հետաձգումներից և միմյանց հանդեպ հրապարակային կոշտ հայտարարություններից հետո միայն: Եվ վերջապես, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հաստատվելու ձգտումներում Թուրքիան բախվում է աշխարհագրական կտրվածության խնդրին: Կենտրոնական Ասիայի հետ Թուրքիան չունի ընդհանուր սահմաններ: Ցամաքային ճանապարհները դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա անցնում են Հայաստանով և Իրանով: Թուրքիան Հայաստանը շրջափակման տակ է պահում արդեն գրեթե քսան տարի, իսկ Իրանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական չեն: Ճիշտ է, Թուրքիան Ադրբեջանի հետ ունի ընդհանուր սահման, սակայն ընդամենը 12 կիլոմետր, այն էլ՝ Նախիջևանի հատվածում: Վերջինս սակայն, ցամաքային ընդհանուր սահման չունի Ադրբեջանի մյուս մասերի հետ: 

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը հիմնադրվել է 2009 թվականին Նախիջևանում կայացած թուրքալեզու պետությունների հերթական գագաթաժողովի ընթացքում՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով: Կազմակերպության առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում՝ 2011 թվականի հոկտեմբերին:

Բիշքեկի գագաթաժողովը հատկանշական էր նրանով, որ դրան չէր մասնակցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ականջի վիրահատության պատճառով ստիպված էր ժամանակից շուտ հեռանալ Ղրղըզստանի մայրաքաղաքից: Թուրքիան և Ադրբեջանը, որոնք շարունակում են վարել Հայաստանը տնտեսապես և միջազգայնորեն մեկուսացնելու քաղաքականություն, օգտագործեցին հերթական միջազգային համաժողովը և արեցին հակահայ հայտարարություններ: Մասնավորապես, արտգործնախարար Դավութօղլուն հիշեցրեց, որ «հայերը գրավման տակ են պահում Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»:

Եթե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հանդեպ վարում են ակնհայտ և հրապարակային թշնամական քաղաքականություն, ապա ԹՊՀԽ մյուս երկու պետությունները՝ Ղազախստանը և Ղրղըզստանը, Հայաստանի հետ մաս են կազմում մի շարք տարածաշրջանային միավորումների, որոնց թվում՝ ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն) և ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն): Վերջինս ռազմաքաղաքական կառույց է, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում