Ռուսաստանը վերացրել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը նաև չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
Ռուս-վրացական հարաբերությունները սրվել էին 2019-ի ամռանը, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին սկսվել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Բողոքի պատճառ էր դարձել վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։ Այս ամենի ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել էր թռչել Վրաստան, իսկ տուրօպերատորներին և գործակալներին խորհուրդ էր տրվել չվաճառել դեպի այդ երկիր ուղեգրեր: Նույն օրվանից ուժի մեջ էր մտել ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը դեպի Ռուսաստան վրացական ավիաընկերությունների չվերթները դադարեցնելու մասին։
Civilnet











