Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Գիշերն Ադրբեջանը խախտել է հրադադարը նաև Արցախում։ ՊԲ-ն նաև հերքում է տեղեկությունը, թե իբր հայկական ստորաբաժանումներն են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ն տեղեկացնում է, որ հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- նշում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
Civilnet











