Գլխավոր Լրահոս

Գիտաշխատողները երկու տարի է՝ չեն ստանում իրենց բնակարանները, շինարարի հետ պայմանագիրը խզվել է

Գիտաշխատողները երկու տարի է՝ չեն ստանում իրենց բնակարանները, շինարարի հետ պայմանագիրը խզվել է

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողները ավելի քան մեկ տարի է՝ չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները նորակառույց շենքում, որի կառուցապատողը ԳԱԱ-ի Գիտության զարգացման հիմնադրամն է։ Բնակարանների սեփականատերերը ՍիվիլՆեթին ահազանգել են կրած նյութական վնասների մասին, հայտնել, որ շուրջ մեկ տարի շենքի արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները դադարեցված են, շինարար ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Կա հավանական նոր շինարար, որը տարիներ առաջ քրեական մի պատմության մեջ էր հայտնվել։ Գիտաշխատողներին համեմատաբար մատչելի պայմաններով բնակարաններ վաճառելու այս ծրագիրը մեկնարկել է 2018-ից ու դեռ չի ավարտվել։

Բազմաբնակարան շենքի մասին 

164 բնակարաններ ընդգրկող շենքը կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցում։ Նախատեսվում է կառուցել խաղահրապարակ, ավտոկայանատեղիներ, բնակարանի քառակուսի մետրի գինը 2018-ի դրությամբ կազմել էր 275 000 դրամ։ Այս գնի մեջ էր ներառված նաև բնակարանների ներքին հարդարումը։ Բնակարանների համար գիտաշխատողները պետք է վճարեին նախ 30 տոկոս կանխավճար, իսկ մյուս 70 տոկոսը շահառուները պետք է վճարեին չորս տրանշերով։ Տարիներ առաջ «Հետք»-ն անդրադարձել էր մի խումբ գիտաշխատողների մտահոգությանն այն մասին, որ այս շենքում բնակարան ունենալը շատ անմատչելի է բազմաթիվ մարդկանց համար՝ բանկերի պայմանների պատճառով։ 

Գիտաշխատողների շենքի շինարարը «Մոնոլիտիկ բիլդինգ» ընկերությունն էր, որն ընտրվել էր մրցույթով։ Ինչպես մեզ պատմեցին շինարարական ընկերության նախկին աշխատակիցները, «Մոնոլիտիկ բիլդինգ»-ը ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել, կուտակել է պարտքեր, ընկերության որոշ գույքեր ու հաշիվներ հայտնվել են արգելանքի տակ։ Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման հնարավոր պատճառներից մեկն էլ նրանք մատնանշում են գիտաշխատողների շենքի կառուցապատումը։ Ըստ նրանց՝ 1 քառակուսի մետրի համար սահմանված գնի մեջ «Մոնոլիտիկ բիլդինգ»-ը չէր կարող տեղավորվել, քանի որ շինանյութի գները շեշտակի աճել են, ու սա էլ բերել է մեծ պարտքերի կուտակման։

Սեփականատերերի վճարած գումարների 90 տոկոսը փոխանցվել է կառուցապատող Գիտության զարգացման հիմնադրամին, որն էլ իր հերթին այդ գումարները փոխանցել է «Մոնոլիտիկ բիլդինգ»-ին՝ շինարարությունը շարունակելու, ապրանքներ ձեռք բերելու, տեխնիկա վարձելու համար։ Այժմ, սակայն, «Մոնոլիտիկ բիլդինգ»-ը ի վիճակի չէ շարունակել շինարարությունը, ընկերության տեխնիկան ու աշխատակիցները լքել են շինհրապարակը, Գիտության զարգացման հիմնադրամն էլ շինարարի հետ պայմանագիրը խզել է։ 

«Շինարարը խոստանում էր՝ գումար փոխանցեք, կհասցնեմ ավարտական ակտի։ Հանդիպումների ժամանակ այդպիսի խոստումներով տարավ գումարը։ Ամեն անգամ մի բան էր խոստանում՝ ապրանքները կառնեմ, հետո պարզվեց ապրանքները չի առել։Հիմար պատմություն էր»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը՝ 

Պարույր Սևակի 1/7 հասցեի շենքը

Պայմանագիր՝ առանց պարտավորությունների

Գիտության զարգացման հիմնադրամի և գիտաշխատողների միջև պայմանագրով կառուցապատողը բնակարանները շահագործման չհանձնելու դեպքում կարող է որևէ պատասխանատվություն չկրել։ Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը սահմանում է, որ շենքի շահագործման ակտը կառուցապատողը պետք է ստանար մինչև 2022-ի մարտի 27-ը, մինչդեռ պայմանագրով որևէ կերպ չի հիշատակվում, թե ինչ տույժեր ու տուգանքներ կարող է կրել կառուցապատողը ուշացումների համար։ 

«Առաջին անգամ իմ կյանքում պայմանագիրը ուշադիր չեմ կարդացել, քանի որ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամն էր կառուցում, ես հպարտորեն ու ուրախ ասացի՝ որևէ խնդիր չի լինի, բայց հետո, երբ նայեցի պայմանագիրը, ապշահար էի՝ մեր պայմանագիրը տիպային պայմանագրից լրիվ տարբերվում է։ Կառուցապատողի համար ոչ տույժ է սահմանված, ոչ տուգանք, գրված է՝ եթե ուշացնում է, ապա կարող ենք դիմել, գումարները հետ վերցնել։ Դա եղել է հինգ տարի առաջ. այդ ժամանակ մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը եղել է երկու անգամ ավելի էժան, մեզ ձեռնտու չէ, որ դիմենք ու փողը հետ վերցնենք։ Դրանով հիմա կես տուն էլ չենք կարողանա գնել»,- բողոքում է ԳԱԱ մոլեկուլային ինստիտուտի աշխատակից Գևորգ Մարտիրոսյանը։ Վերջինիս բախտ է վիճակվել շենքում ունենալ 106 քառակուսի մետր մակերեսով բնակարան։ Մարտիրոսյանի խոսքով՝ երկու տարի շարունակ հետզհետե շինարարության տեմպերը նվազել են, իսկ այժմ ուղղակի ոչինչ չի կատարվում։ Շենքը հանձնելու ձգձգումները, Մարտիրոսյանի խոսքով, պատճառաբանել են կորոնավիրուսով, արցախյան պատերազմով, իսկ հետո արդեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով։ Ինչո՞ւ գնման իրավունքի պայմանագրի մեջ չի ֆիքսվել կառուցապատողի կողմից վճարվելիք տույժերի ու տուգանքների հնարավորություն, հարցրինք Գիտության զարգացման հիմնադրամի տնօրենին։ «Մեր իրավաբանն է կազմել պայմանագիրը, շահառուները դա տեսել են։ Ինչ-որ ծածկված բան չի եղել, ներկայացվել է դա։ Պայմանագրի գինը տեսե՞լ եք, դա չափազանց էժան է, այդպիսի գնով հիմա շինարարություն գոյություն չունի»,- պատասխանեց Հրանտ Մաթևոսյանը։

Սերգեյ Ներսիսյանի կինը ԳԱԱ-ի գիտաշխատող է, բնակարանը գնել են 2018-ի աշնանը։ «Մեկ տարի առաջ ու այսօր շենքը նույն վիճակում է, պարզապես այժմ դրսից ներկվել է։ Խնդիրները սկսվեցին մոտ մեկ տարի առաջ, շինարարությունը դանդաղեց, ամեն հարցման պատասխանը տարբեր էր լինում՝ մեկ ասում էին խնդիր կա էլեկտրամատակարարման հետ, հետո՝ գազամատակարարման հետ, հետո խնդիր կար շինարարական ընկերության հետ։ Նույնիսկ զանգում ենք շինարարական ընկերություն, չէին պատասխանում։ Ծրագրին գրանցվել էինք՝ զուտ վստահելով պետությանը, քանի որ կառուցապատողը Գիտության զարգացման հիմնադրամն էր»,- ասում է Ներսիսյանը։ Նա կասկածներ ունի, որ կառուցվող շենքում օթևանում են հարակից նորակառույցների շինարարությունն իրականացնող տարբեր մարդիկ, ովքեր գիշերելու տեղ չունեն, չեն ցանկանում տուն վարձել, իսկ գիտաշխատողների շենքը որոշ հարմարություններ ընձեռում է։ 

«Լիլանարմ». գիտաշխատողների շենքի նոր շինարարը

ՍիվիլՆեթի՝ շենք այցելելու պահին այնտեղ կային մի քանի շինարարներ, որոնք համագործակցում էին «Լիլանարմ» ընկերության հետ։ Բնակարանների սեփականատերերի խոսքով՝ հենց «Լիլանարմ»-ն է շարունակելու շինարարությունը։ Հրանտ Մաթևոսյանն ասաց՝ նախկին շինարարի հետ պայմանագիրը խզել են, նոր շինարարի հետ պայմանագիր կնքելուն մոտ են. «Կընտրենք այն շինարարին, որը մեր պայմաններին համաձայն է։ «Լիլանարմ»-ը իր գնային առաջարկն է ներկայացրել, այդ ընկերությունը այս պահին մեզ ամենաձեռնտուն է»,- ասաց Մաթևոսյանը՝ վստահեցնելով, որ բնակարանների շահառուների կողմից որևէ լրացուցիչ ֆինանսավորման կարիք չի լինի։ 

«Լիլանարմ»-ը շինարարական ընկերություն է՝ հիմնադրված 2000 թվականին։ Ընկերությունը պետական գնումների ակտիվ մասնակից է, միայն այս տարի արդեն հասցրել է ավելի քան 342 միլիոն դրամի պայմանագրեր կնքել պետական մարմինների հետ։ Այդ պայմանագրերի ճնշող մեծամասնությունը կնքվել է Երևանի քաղաքապետարանի հետ։ 

Տարիներ առաջ «Լիլանարմ»-ը հայտնվել էր մի քրեական պատմության կենտրոնում։ Ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքաշինության նախարարությունը 2015-ին պայմանագիր էր կնքել «Լիլանարմ» ընկերության հետ՝ Երևանի Վիլնյուսի 61 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը հիմնանորոգելու համար։ «Այդ ընթացքում «Լիլանարմ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Ն. Պ.-ն, չնայած կատարված չեն եղել ծավալաթերթ-նախահաշիվներով նախատեսված նորոգման աշխատանքները, քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել 108 920 995 դրամի շինաշխատանքների մատուցման հաշիվ-ապրանքագրեր և աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ ու կատարողական ակտեր»,- նշված էր ոստիկանության հաղորդագրությունում։ Սրա հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որը կարճվել է 2018-ին։

Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանի հաշվարկներով՝ նոր պայմանագրի կնքումից 4-5 ամիս հետո արդեն կարող է շինարարությունն ավարտված լինել ու շենքը հանձնվել շահագործման։

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում