Կառավարությունը խոստանում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքները սկսել սեպտեմբերի 13-ին, մինչդեռ դրանք պետք է մեկնարկած լինեին մայիսի վերջին։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից: «Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել գերազանց տնտեսական կատարողականի և տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր համատեղ ծրագրերը կնպաստեն Հայաստանի հետագա տնտեսական կայուն զարգացմանը»,- ասել է ԱԶԲ գործադիր տնօրենը:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքների մի մասը 82 կմ բետոնյա ծածկով Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը խոստացել էր սկսել մայիսի վերջին։ Ապրիլի 27-ին կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցրել էր, որ շինարարական 82 կմ ճանապարհահատվածի վերակառուցման և կառուցման աշխատանքները կսկսեն մոր մեկ ամսից։ Բայց դրանք ոչ միայն չեն սկսվել, այլև ներկայում նշվում է նոր ժամկետ։
Հաշվի առնելով Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքած Տրանշ-1 և Տրանշ-2 պայմանագրերով նախանշված ժամկետները՝ այսօր արդեն առկա են լուրջ ռիսկեր, որ իսպանական ընկերությունը չի կարողանա ժամանակին ավարտել աշխատանքները։ Խնդիրն այն է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքներ պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը 41,9 կմ) վերակառուցումը պետք է ավարտվի 2014թ. դեկտեմբերին, մինչդեռ իսպանական ընկերությունը խոստացել էր Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում, իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում, այսինքն՝ ավարտել 3 տարում կամ 2015թ. գարնան վերջին։ Արդեն իսկ առկա է նախանշված ժամանակից շեղում մոտ մեկ տարով։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում է սկսել դեռ 2009թ. և ավարտել 2017թ. վերջին, սակայն առ այսօր շինաշխատանքները չեն մեկնարկել։
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ Բանկը այս ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային միջոցների հատկացում, իսկ կառավարության համաֆինանսավորումը պետք է կազմի $462 մլն։ ԱԶԲ-ի երկու տրանշներով արդեն հատկացրել է $230 մլն։ Այս տարվա նոյեմբերի վերջին ԱԶԲ-ի տնօրենների խորհուրդը պետք է քննարկի և հաստատի Հայաստանին Տրանշ 3-ով $160 մլն միջոցների հատկացման հարցը։ ՍիվիլՆեթ-ի աղբյուրները նշում են, որ այդ տրանշի հատկացումն ու առհասարակ ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարությունը կախված է լինելու առաջին երկու տրանշով կատարված աշխատանքների կատարողականից։ Այսօր արդեն ԱԶԲ-ում շրջանառվում է կարծիք, որ Հայաստանի կառավարությունը նախորդ տարիներից ցուցաբերած դանդաղկոտության հետևանքով ի վիճակի չէ նախանշված ժամկետներում՝ մինչև 2017թ., ավարտել ծրագրով նախատեսված աշխատանքները։
Civilnet











