Հայաստանում երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6%, ինչը առաջին եռամսյակի ցուցանիշից (5,6%) 1 տոկոսային կետով ավելի է։ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-օգոստոս» հրապարակման համաձայն՝ երկրորդ եռամսյակում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում՝ բացառությամբ էներգետիկայի ոլորտի (2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է 0,3% անկում)։ Ուշագրավ է, որ եթե նախորդ բոլոր հրապարակումներում ԱՎԾ-ն ներկայացնում էր շինարարության ոլորտի անկում (առաջին կիսամյակում՝ 6,7% անկում), այսօրվա հրապարակման մեջ նշվում է, որ շինարարության ոլորտը երկրորդ եռամսյակում 2,8% աճ է արձանագրել։
Դա անհնար է, քանի որ ըստ ԱՎԾ-ի նախորդ հրապարակումների՝ թե՛ ապրիլին, թե՛ մայիսին, թե՛ հունիսին շինոլորտում արձանագրվել է անկում, համապատասխանաբար՝ 4,5%, 12,8% և 7,7%։ Թե ինչպես է ԱՎԾ-ն տեսել եռամսյակի կտրվածքով շինոլորտի արձանագրած աճը, այդքան էլ հասկանալի չէ։
Ուշագրավ է, որ այս տարի բարձր տնտեսական աճ ցույց տալու համար կառավարությունը նորից դիմել է մանիպուլյացիաների։ Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-ապրիլ» հրապարակման համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 4,7%, իսկ այսօրվա հրապարակման համաձայն՝ 5,6%։ Ըստ էության, ԱՎԾ-ն առաջին եռամսյակի՝ նախկինում հրապարակած ցուցանիշը ճշգրտել է 0,9-տոկոսային կետով, իսկ թե որ ոլորտների հաշվին է դա կատարվել, հրապարակման մեջ չի նշվում։
Civilnet











