Գլխավոր Լրահոս

Պարտարշավը շարունակվում է

Պարտարշավը շարունակվում է

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված դիվանագիտական պարտությունը կոծկելու համար Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են հասարակության ուշադրությունը շեղել բուն խնդրից: Ակնհայտ է, որ Սաֆարովը հիմնականում հայկական կողմի անգործության պատճառով հայտնվեց հայրենիքում: Անգործության մեջ առաջին հերթին մեղավոր են արտաքին գործերի նախարարությունը և ազգային անվտանգության ծառայությունը:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դիվանագիտական նման ձախողմանը պետք է հետևեին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, մանավանդ որ արտաքին գործերի նախարարության անգործությունը փաստող ուղղակի և անուղղակի մի շարք ապացույցներ կան: Օրինակ՝ մամուլում հրապարակվեց «Հունգարիայի հայ ազգային ինքնավարություն» կազմակերպության նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նշվում է, որ կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը դեռ օգոստոսի 20-ին Սաֆարովի հնարավոր էքստրադիցիայի մասին ահազանգել էր ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին, ինչպես նաև Ավստրիայում ՀՀ դեսպանությանը: Սակայն փաստացի վերջիններս կա՛մ բավարար, կա՛մ ընդհանրապես ջանք չեն գործադրել Սաֆարովի էքստրադիցիան կանխելու համար:

Նորմալ երկրում վերոհիշյալ գերատեսչությունների ղեկավարները կա՛մ պետք է ինքնուրույն հրաժարական տային, կա՛մ հեռացվեին իրենց պաշտոններից: Սակայն ՀՀ նախագահի մակարդակով որևէ հարցադրում կամ այդ պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու փորձ անգամ չարվեց: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը կիսում է դիվանագիտական հերթական խայտառակ պարտության պատասխանատվությունը:

Ձախողման պատճառները վերլուծելու և համապատասխան քայլեր անելու փոխարեն իշխանությունը զբաղված է համազգային ինչ-ինչ «ինքնաբուխ» գործողություններ կազմակերպելով, որոնց հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը հիմնախնդիրներից շեղելն է: Տրամաբանական կլիներ, որ այդ ցույցերը տեղի ունենային մինչև էքստրադիցիան, ընդ որում՝ ոչ թե Երևանում Հունգարիայի հյուպատոսության առջև, այլ եվրոպական մայրաքաղաքներում և հենց Հունգարիայում:

Ինչ վերաբերում է բողոքի ուշացած գործողություններին, ապա դրանք արդեն պետք է լինեն Հայաստանի ԱԳՆ-ի և ԱՎԾ-ի շենքերի առջև՝ այդ գերատեսչությունների ղեկավարների հրաժարականի պահանջով:

Հայ-թուրքական դիվանագիտական ֆիասկոյի հեղինակները շարունակում են պարտարշավը:      

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում