Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայացած քաղաքապետի և ավագանու ընտրությունները, կարելի է ասել, յուրահատուկ քաղաքական մշակույթի ձևավորման հիմք են դառնում: Ընտրություններին մասնակցություն է ունեցել ընտրելու իրավունք ունեցող գյումրեցիների ընդամենը 36,5 տոկոսը, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է: Սա այն պարագայում, երբ գրեթե ամբողջ հանրապետության ուշադրությունը կենտրոնացած էր Գյումրիի քաղաքապետի ընտրությունների վրա:
Ինչո՞վ էր պայմանավորված ընտրություններին մասնակցության նման ցածր ցուցանիշը. իհարկե՝ ապատիայով և ընտրությունների ելքի կանխորոշվածությամբ: ՀՀԿ-ի պատիվը Գյումրիում գետնով տալու պատճառով առաջադրվելու իրավունքից զրկվեց Վարդան Ղուկասյանը: Արդյունքում առաջ եկավ կոմպրոմիսային թեկնածու Սամվել Բալասանյանը: Վերջին տարիներին ընդդիմության գործողությունների հետևանքով Հայաստանում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, երբ Հանրապետականը և «Բարգավաճ Հայաստանը» դարձել են մրցակիցներ: Այդ մրցակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո ցայտուն կերպով արտահայտվում է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հիմա, երբ մրցակից ուժերի միջև կոմպրոմիս է ձեռք բերվում, ընտրություններն ըստ էության կորցնում են իրենց նշանակությունը: Իսկ ընդդիմությունը, որպես կանոն, ակտիվ չէ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Բայցի այդ՝ ներկայում այն մրցունակ չէ:
Գյումրիի քաղաքապետի ընտրությունների այս մոդելը իշխանությունների համար ամենանախընտրելի տարբերակն է. նախընտրական և ընտրական փուլերը հիմնականում անցնում են օրենքի սահմաններում, որևէ մեկը քաղաքական հետապնդման չի արժանանում, ամեն ինչ բաց է և թափանցիկ: Սակայն իր էությամբ այդ տիպի ընտրությունները շատ քիչ առնչություն ունեն ընտրություն կոչված գաղափարի հետ: Այդ ամենը շատ լավ գիտակցելով՝ գյումրեցիները պարզապես բոյկոտեցին այդ ընտրությունները:
Հավանաբար հետագայում փորձ կարվի Գյումրիի ընտրությունների մոդելը ներդնել նաև մյուս ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ ընտրություններից առաջ առանց բիրտ ուժի կիրառման կանխորոշել ընտրությունների արդյունքները: Այդ դեպքում և՛ իշխանության վերարտադրությունն է ապահովված, և՛ ընտրությունների արդյունքների անվիճարկելիությունը, որովհետև կանխորոշված ընտրությունների ժամանակ, որպես կանոն, խախտումներ չեն լինում:
Իսկ այն տեղերում, որտեղ ընտրությունների ելքը կանխորոշված չէր, իշխանությունը օրինաչափորեն ցուցադրեց իրական դեմքը, օրինակ՝ Վանաձորում:
Կարդալ ավելին
Պատմություններ

Ինչպես է արտադրվում ֆերոմոլիբդենը

Ինչու բռնությունը երեխաների դաստիարակության համար արդյունավետ չէ

Ստեփանավանում ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու ևս 13 անձ

Մի՛ աղտոտեք բնությունը

«Համազգայինը ազգին համն է»

Թուրքիան՝ Ադրբեջանի քարոզչության նոր թիրախում

ԵԱՏՄ չորս երկրները Հայաստանի մասին զեկույց են հրապարակել

«Եվրոպայում հայկական արտադրանքի պահանջարկը պետք է զրոյից ձևավորել»



