Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում և կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու նպատակով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։
Գործող օրենսդրական կարգավորմամբ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի (16.07.2020թ) համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդում և Կարգավորող պետական մարմնում կանանց ներգրավվածության իրավական հիմքերը խոցելի են, ձևակերպված են իրավական անորոշությամբ, ինչը բավարար երաշխիքներ և գործուն հնարավորություններ չի ապահովում կանանց ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար: Մասնավորապես, օրենքում (Հոդված 23, 2-րդ կետ) սոսկ ամրագրված է, որ Հանրային հեռարձակողի կառավարման խորհրդի կազմը (յոթ անդամ) պետք է սեռային ներկայացվածություն ապահովի` առանց հստակեցնելու մեխանիզմը կամ համամասնությունը:
«Մենք առաջարկում ենք օրենքում «սեռային ներկայացվածություն» ձևակերպման փոխարեն ամրագրել «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի 2-ից» բառերով»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Այս պահին Հայաստանի Հանրային հեռարձակողի կառավարման մարմնի խորհրդի անդամներից միայն մեկն է կին։
Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ այսպիսի կացությունը չի արտացոլում ՀՀ Սահմանադրությունը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ շրջանակներում գենդերային հարցերի վերաբերյալ ընդունված փաստաթղթերը և Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Նշենք, որ 2018 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ է և վերահաստատել է բոլոր մակարդակներում կանանց դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու հանձնառությունը:
Այնուամենայնիվ, մենք հեռու ենք փաստացի իրավահավասարությունից Գենդերային ճեղվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել՝ նախորդ երեք տարիների 98-րդ հորիզոնականից 2021-ին 156 երկրների մեջ հայտնվել է 114-րդում, նշում են նախագծի հեղինակները։
Նախագծի քննարկման ժամանակ խոսեց նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ կանանց խոչընդոտում են ամենուր՝ և՛ տանը, և՛ դպրոցում։
«Տանը, օրինակ, ասում են՝ աղջիկ է, ինչո՞ւ կրթություն ստանա, աղջիկ է, գնացող է։ Ասում են՝ աղջիկ է, ինչո՞ւ աշխատի, թող տանը երեխաներին պահի, թող լվացք անի, ամանները լվանա։ Ես չեմ ասում, որ կանայք այդ աշխատանքը չանեն, ես դեմ եմ նրան, որ մենք ի սկզբանե երեխաներին բաժանում ենք ըստ կրթության, ըստ հնարավորությունների, ես դրան եմ դեմ, այդ թվում՝ դպրոցներում։ Եվ, այո, մեր հասարակությունը չի հաղթահարել այդ խնդիրը, որ հավասար հնարավորություններ տա։ Եվ այս քվոտաներով մենք փորձում ենք ինքներս մեզ ստիպել, որ այս մասին ևս մեկ անգամ մտածենք»,- ասաց Արշակյանը։
Մի շարք երկրներում Հանրային հեռարձակման վերահսկիչ և առհասարակ կարգավորող մարմիններում կանանց ներգրավվածությունը կարգավորվում է սեռերի հավասարության ինդեքսներով, բանաձևերով և այլ իրավական համընդհանուր նորմերով: Օրինակ՝ Իռլանդիայի հեռարձակման մարմնի ինը անդամից ոչ պակաս, քան չորսը պետք է կին լինի։
Արգենտինայի բոլոր խորհուրդներում և վերահսկիչ հանձնաժողովներում կանանց և տղամարդկանց ներգրավվածությունը հավասար թվով պետք է լինի, որը կարգավորվում է հավասարազոր հասարակության հասնելու ընդհանուր բանաձևով: Իսկ Ֆրանսիայի հաղորդակցության կարգավորող մարմնի ինը անդամները նշանակվում են ըստ Ֆրանսիային գենդերային հավասարության ինդեքսի, որը 45-55 տոկոսի շրջանակում է:
Ժաննա Ավագյան
Civilnet











