Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել, որ Վրաստանը չի կարողացել կանխել և հետաքննել կնասպանության դեպքը և պարտավորեցրել է պետությանը փոխհատուցում վճարել զոհի ընտանիքին։
Հինգշաբթի ՄԻԵԴ-ի հրապարակած վճռի համաձայն՝ 23-ամյա կինն ինքնասպան է եղել 2017-ին՝ տարիներ շարունակ ոստիկանությանը զուգընկերոջ կողմից իր նկատմամբ ֆիզիկական և բանավոր բռնության մասին հայտնելուց հետո։ Սպանության պահին տանը եղել են նրա զուգընկերն ու երեխան:
Դատարանը պարզել է, որ Վրաստանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը, և պետությանը պարտավորեցրել է զոհի մորը վճարել 20 000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում։
Որոշման մեջ նշվում է նաև, որ անհրաժեշտ է հետաքննել Վրաստանի իրավապահների անգործությունը՝ հաշվի առնելով ընտանեկան բռնության նախկին դեպքերը:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը դատարանում ներկայացնում էր տուժողի մորը, հինգշաբթի ողջունել է դատավճիռը։ «Պետությունը չի հետաքննել ինքնասպանության փաստը կնասպանության տեսանկյունից, հանցագործության քննության և պատժման գործընթացում հաշվի չի առել գործում առկա գենդերային մոտեցումներն ու ծանրացնող հանգամանքները»,- հայտարարել է ասոցիացիան։
ՄԻԵԴ վճռի համաձայն՝ տուժողը զուգընկերոջ հետ սկսել է համատեղ ապրել 2012-ին, իսկ 2013-ի հունվարին նրանք երեխա են ունեցել: Հետագա տարիներին կինը առնվազն 16 անգամ դիմել է ոստիկանություն՝ բողոքելով բռնությունների համար, և զուգընկերոջ դեմ երեք անգամ խափանման միջոց է կիրառվել։
«Նրանց հարաբերությունները խաթարվում էին մշտական վեճերով, քանի որ զուգընկերը մոլախաղերով էր տարված, չափից ավելի էր խմում, ֆինանսական խնդիրների մեջ էր և բռնի վարքագիծ էր դրսևորում»,- ասվում է վճռում։ Դատարանը հավելել է, որ տուժողը կանոնավոր կապ է պահպանել իր նախկին զուգընկերոջ հետ 2016-ից հետո, երբ տեղափոխվել է կնքամոր տուն՝ թույլ տալով նրան տեսնել իրենց երեխային։
Դատարանի տվյալներով՝ տուժողի և նրա նախկին զուգընկերոջ միջև վիճաբանություն և ծեծ է տեղի ունեցել 2017-ի փետրվարի 19-ին՝ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ։
Դատարանը գտել է, որ նա ֆիզիկական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ՝ «գլխի շրջանում պատճառելով բազմաթիվ վնասվածքներ»։
«Դատարանը նաև նշել է, որ [տուժողը] պարբերաբար ենթարկվել է ընտանեկան բռնության, և որ այս ամենը նրան դրդել է ինքնասպանության»,- ասված է ՄԻԵԴ վճռում։
Վրաստանի ոստիկանությունը սկզբում սկսել էր գործի քննությունը՝ ինքնասպանության դրդելու մեղադրանքով։ 2018-ի փետրվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը տուժողի նախկին զուգընկերոջը մեղավոր էր ճանաչել ընտանիքի անդամի նկատմամբ դաժան վերաբերմունքի միջոցով ինքնասպանության դրդելու համար և դատապարտել երեք տարվա ազատազրկման։
2019-ին Վրաստանի Գերագույն դատարանը մասամբ բավարարեց տուժողի նախկին զուգընկերոջ բողոքը՝ նրա դատվածությունը ինքնասպանության դրդումից նվազեցնելով մինչև ընտանեկան բռնության: Նրա ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի, և տղամարդն ազատ արձակվեց դատական նիստից հետո։
Դատախազության տվյալներով՝ 2014-2022 թվականներին Վրաստանում գրանցվել է կնասպանության 186 դեպք։
Civilnet











