Գլխավոր Լրահոս

«Տղամարդիկ չարաշահում են»․ կանանց զինծառայության խնդիրների ու լուծումների մասին

«Տղամարդիկ չարաշահում են»․ կանանց զինծառայության խնդիրների ու լուծումների մասին

Լիա Ավագյան

Հայաստանում կանայք կամավոր ծառայում են բանակի ստեղծումից ի վեր։ Օրենսդրական նոր փոփոխություններով կանայք այժմ հնարավորություն են ստանալու պարտադիր ծառայելու, սակայն կամավոր հիմունքներով։ Կանանց ծառայության համար, սակայն, կան խնդիրներ։ Ավագ լեյտենանտ, բանակում տասը տարի ծառայած Անի Հովհաննիսյանը նշում է, որ տղամարդիկ հաճախ չարաշահում են իրենց դիրքը և կանանց չեն դիտարկում զինվորական գործառույթներում։

«Ենթարկվում էինք չափից ավելի շատ մարդկանց ու հիմնականում՝ տղամարդկանց։ Նրանք պարբերաբար չարաշահում են իրենց դիրքը ու ոչ թե վերաբերվում են որպես զինծառայողի, այլ իգական սեռի ներկայացուցչի։ Կանանց որպես զինվորական չէին ընդունում ու կարող էին ասել՝ «սենյակ մաքրիր», «ինձ համար սուրճ եփիր», այսինքն՝ ոչ կանոնադրային հարաբերոթյուններ։ Հիմա՝ այս պարագայում, որոշման կարևոր կողմն այն է, որ առանձին գումարտակ է ձևավորվելու։ Եթե բոլորը լինելու են կանայք, մեկը մյուսի խնդիրները իմանալով՝ կհաղթահարեն դժվարությունները»,- ասում է Անի Հովհաննիսյանը։

Կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության մասին օրենսդրական փոփոխությունը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության ապրիլի 21-ի նիստին։ Այն նախատեսում է վեցամսյա զինծառայություն։ Զորակոչված կանայք առանց վիճակահանության ծառայության են նշանակվում ուսումնական զորամասում։ Ծառայությունը կամավոր է, բայց եթե մինչև զորակոչվելու օրը չհրաժարվեն, ապա ծառայելու են վեց ամիս։

«Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) ռազմա-մարզական ակումբի հիմնադիր Վովա Վարդանովը կարծում է, որ սա կանանց պարտադիր զինվորական ծառայության նախապատրաստումն է։

«Ինչ վերաբերում է այս որոշմանը՝ կամավոր-պարտադիր, ոնց որ ասես՝ սև-սպիտակ։ Այդպես չի լինում։ Կարծում եմ, որ այս ամենի հետևում կնոջը պարտադիր ծառայությանն են սովորեցնում։ Ճիշտ են անում, ռեսուրսի պակաս կա, և այդ պակասը լրացնելու ձևերից մեկը որոշ տղամարդկանց աշխատանքից ազատելը և առաջնագիծ տանելն է, ու նրանց տեղը կանանցով լրացնելը»,- նշում է Վարդանովը։

Պարտադիր զինվորական ծառայության վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում նրանք կստանան պատվովճար, որը նախատեսվում է սահմանել վեց ամսվա համար՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ այդ գումարը կբաժանվի ծառայած ամիսներին։

«Շատ մեծ հույսեր ունեմ, որ այս նոր հավաքի ժամանակ ճիշտ ընտրություն կկատարեն, չեն նայի թվաքանակ լրացնելուն, կունենան լավ կադրեր, հատկապես՝ սպայական շարքերում։ Ծառայության մեծ մասը կախված է լինելու սպայակազմի գիտելիքներից և փորձից»,- նշում է Անի Հովհաննիսյանը։  

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը վեցամսյա զինծառայությունը խելամիտ ժամանակահատված չի համարում՝ մարտունակ ստորաբաժանում ստանալու համար։

«Չկա աշխարհում այդպիսի բան, որ վեց ամսվա ծառայության հիմքով ստեղծեն պրոֆեսիոնալ բանակ։ Դա զառանցանք է։ Իրականում այս բոլոր գործողությունները նպաստում են բանակը թուլացնելուն»,- ասում է նա։

Կառավարության ապրիլի 21-ի նիստին նախարար Պապիկյանը նշեց, որ

քաղաքացիները իրավունք կունենան վեցամսյա ժամկետը լրանալուց հետո զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային ծառայության։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զորացրված քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։ 

Վարդանովը կարծում է, որ պարտադիր չէ բոլոր կանանց ներգրավել մարտական գործողությունների մեջ՝ հաշվի առնելով նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Սակայն, ըստ նրա, կարելի է կանանց ներգրավել թիկունքային, շտաբային, կառավարման կենտրոններում և քաղաքային պաշտպանության գործերում․ «Եթե կինը մեքենա վարել կարողանում է, կկարողանա նաև ծառայել։ Մեքենա վարելը ավելի շատ ունակություն է պահանջում, քան ձգան սեղմելը»։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը դիտարկում է, որ բանակը չունի համապատասխան ռեսուրս և հնարավորություն՝ կանանց արժանապատիվ ծառայության։

«Մենք դեռ չունենք բանակային այնպիսի համակարգ, որը կպաշտպանի տղաների իրավունքները։ Համաշխարհային մակարդակով բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջիկները բանակում ենթարկվում են սեռական բռնության, և նման դեպքերի տոկոսը շատ բարձր է։ Նույնիսկ առաջադեմ երկրները չեն կարողանում այդ խնդրին լուծում գտնել։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ կանանց ներգրավում ենք ծառայության, բայց բանակը չենք համապատասխանեցրել այդ մարտահրավերներին»,- ասում է իրավապաշտպանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում