Գլխավոր Լրահոս

Ինչքանով և ինչպես են կանայք Հայաստանում ներգրավված նորարարություններում

Ինչքանով և ինչպես են կանայք Հայաստանում ներգրավված նորարարություններում

Ժաննա Ավագյան

Հայաստանում հաճախ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում ենք արական սեռի ներկայացուցչի։ Սակայն վերջին շրջանում մի շարք նախաձեռնություններ, միջոցառումներ փորձում են կոտրել այս պատկերացումը՝ ցույց տալով, թե որքան գրավիչ է դարձել այս ոլորտը կանանց համար և որքանով են նրանք ներգրավված այստեղ։

FemInno կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը դեռ 2017-ին նախաձեռնեց Girls in Tech միջազգային ցանցի հայկական միությունը, որով երկար տարիներ փորձում էին աջակցել և խրախուսել կանանց մասնակցությունը տեխնոլոգիաների ոլորտում՝ կրթական, խրախուսական և աջակցման ծրագրերով։ «2022-ից հասկացանք, որ ժամանակն է կանանց ներուժը ցույց տալու առումով Հայաստանը նոր ասելիքով հանդես գա»,- ասում է Պապոյանը։

2022-ին մեկնարկեց FemInno նախաձեռնությունը, և տեղի ունեցավ առաջին կոնֆերանսը։ Նախաձեռնության անվանումն ինքնին բացատրում է նպատակը՝ կանայք և նորարարությունը։ Երկու օր ընթացող կոնֆերանսն ամփոփում է մեկ տարում այդ ուղղությամբ արված բոլոր ջանքերն ու արդյունքները։ 

«Կոնֆերանսը միջազգային է։ Եվ պատճառն այն չէ, որ  Հայաստանում չունենք բավարար ներուժ, խոսնակներ։ Ճիշտ հակառակը, ունենք բավարար ներուժ և միջազգային կոնֆերանս անելով՝ ուզում ենք ցույց տալ այդ ներուժը։ Դրա  լավագույն ձևը նաև ոլորտում աշխատող այլ մարդկանց հրավիրելն է։ Այդ առումով դեռ անցած տարի լայն աշխարհագրություն ունեինք , այս տարի ավելի է լայնացել․ խոսնակներ ունենք Ուրուգվայից մինչև Ղրղզստան»,- ասում է Պապոյանը։ 

Այս տարի կոնֆերանսը խոստանում է բազմազան բովանդակություն՝ ելույթներ, պանելային քննարկումներ, շփումներ ոլորտի մասնագետների հետ։ Նախաձեռնության հիմնադիրը շեշտում է, որ ձգտում են նաև հակադարձ խտրականություն չանել։ 

«Սա փակ ակումբ չէ։ Կոնֆերնասում ներգրավվում ենք նաև տղամարդ խոսնակների, որոնք այս ոլորտում կերպար ունեն հասարակության մեջ։ Օրինակ՝ անցած տարի խոսնակների մեջ դեսպան ունեինք։ Աշխարհում կառուցվածքները, այնուամենայնիվ, տղամարդկային են։ Եվ եթե նրանք ներկա չլինեն նման նախաձեռնություններին, օրինակ չծառայեն մյուսների համար, որոնք որոշում կայացնող են, արդյունք չենք ունենա»,- նշում է Պապոյանը։

FemInno կոնֆերանսին նախորդ տարի մասնակցել է 1 500 մարդ։ Այս տարի մասնակցության ակնկալիքներն ավելի մեծ են, բայց ոչ թե քանակական աճն է կարևորվում, այլ օգտակարության մակարդակն ու արդյունավետությունը։ 

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում տեխնոլոգիական և նորարարության ոլորտում կանայք 30-40 տոկոս մասնակցություն ունեն։ Սակայն, ըստ Պապոյանի, խոսքը տեխնոլոգիական ընկերություններում ներգրավված կանանց մասին է, որոնցից շատերը ներգրավված են վարչական, մարքեթինգային, կազմակերպչական աշխատանքներում։ Որպես կանոն այս ոլորտում կանայք իրենց եռնանդն ու ջանքերն ավելի շատ ծախսում են ոչ թե բուն աշխատանքի և ներուժն իրացնելու վրա, այլ ապացուցելու, հաստատելու սեփական ներուժը։ 

«Մեր գործունեության ընթացքում շատ ենք հանդիպում, որ հենց մասնագիտության ընտրության շուրջ է առաջանում խնդիրը։ Մեր ծրագրի մասնակիցներից մարզաբնակ մի աղջիկ ծնողներին շատ երկար համոզում էր, որ տվյալագիտությունն իսկապես օգտակար, կարևոր և առաջադեմ մասնագիտություն է։ Այսպիսի կենցաղային մակարդակի խնդիրներ կան, որոնց ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում և արդյունքներ գրանցում»,- ասում է Սեդան։ 

FemInno նախաձեռնության հիմնադիրը վստահ է, որ եթե չլինեն պայմանական խտրական միջավայրեր, կանայք շատ ավելի շատ արդյունք կստեղծեն իրենց կազմակերպության, միջավայրի և երկրի համար։ 

«Հայաստանում հասարակության կեսից ավելին կանայք են։ Եվ եթե մենք բավարար չենք գնահատում հասարակության կեսից ավելիի պոտենցյալը կամ առնվազն շրջանակաների մեջ ենք առնում, արդեն ընդհանուր, հավաքական արդյունքի շուրջ լուրջ խնդիրներ ենք ունենում»,- եզրափակում է Սեդա Պապոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում