Գլխավոր Լրահոս

Զելենսկին Վրաստանի դեսպանին հանձնարարել է վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցելու Սաակաշվիլիին հանձնելու շուրջ

Զելենսկին Վրաստանի դեսպանին հանձնարարել է վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցելու Սաակաշվիլիին հանձնելու շուրջ

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Ուկրաինան կանչել է երկրում Վրաստանի դեսպանին և նրան կարգադրել է վերադառնալ Վրաստան, որպեսզի իր կառավարության հետ խորհրդակցի Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու պահանջի շուրջ։

Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Վրաստանի իշխանություններին Ուկրաինային հանձնել Վրաստանի բանտարկված երրորդ նախագահին, որն Ուկրաինայի քաղաքացիություն ունի։

Զելենսկին ասել է, որ Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիին կխնդրեն վերադառնալ Վրաստան 48 ժամվա ընթացքում։

Երկուշաբթի Զելենսկին թվիթերյան իր էջում արված գրառմանը կցել է Սաակաշվիլիի լուսանկարը, որում Սաակաշվիլին հեռակա մասնակցում է հուլիսի 3-ին տեղի ունեցած դատական նիստին։ Լուսանկարում պարզորոշ տեսանելի է, որ պաշտոնաթող նախագահը բավական նիհարել է:

2021-ի հոկտեմբերին ձերբակալվելուց հետո Սաակաշվիլին մի քանի անգամ հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց, որտեղ այժմ է՛։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային անհրաժեշտ խնամք և բուժում ստանալու համար»,- գրել է Զելենսկին։

Թեև Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն աջակցությունն է հայտնել Զելենսկիի պահանջին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները բացահայտ մերժել են այն:

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը «վիրավորական» է։

«Ինքնին վիրավորական էր, որ, ինչպես մեր ընդդիմախոսներն իրենք խոստովանեցին, Սաակաշվիլիին Վրաստան ուղարկելու գործին մասնակցում էին ուկրաինական իշխանության կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ, և այսօր, երբ նույն իշխանությունը պահանջում է Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա․․․ դրանում, իհարկե, վիրավորանքի նշաններ կան»,- ասել է նա։

«Սակայն ես չեմ ուզում դրանից ավելի խորանալ։ Մեր ցանկությունն է ուկրաինական իշխանությունների հետ մնալ նույնիսկ միակողմանի բարեկամության ռեժիմում, քանի որ այս երկիրը ներկայում պատերազմական վիճակում է»,- ասել է Կոբախիձեն։

Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2022-ի փետրվարին Ռուսաստանն սկսեց իր լայնածավալ  ներխուժումն Ուկրաինա։

2022-ի մարտի 1-ին Ուկրաինան հետ կանչեց Վրաստանում իր դեսպանին Վրաստանի կառավարության «անբարոյական դիրքորոշման» համար, ինչպես նաև այն պատճառով, որ Վրաստանը թույլ չտվեց, որ չարտերային թռիչքով վրացի կամավոր մարտիկներ մեկնեին Ուկրաինա:   

Այդ պահից ի վեր երկու երկրների հարաբերությունները շարունակել են վատթարանալ։

Երկուշաբթի Զելենսկիի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդիպել է ուկրաինացի դիվանագետների հետ, որպեսզի բացատրություն պահանջի Ուկրաինայի կողմից Georgian Airways ավիաընկերության նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ:

Վրաստանի առաջատար ավիափոխադրողը մայիսին վերականգնել է թռիչքները Ռուսաստանի հետ, երբ ռուսական իշխանությունները չեղարկեցին Վրաստանի հետ թռիչքների արգելքը:

Սաակաշվիլին Ուկրաինայից Վրաստան է վերադարձել 2021-ի հոկտեմբերին և ձերբակալվել ՏԻՄ ընտրություններից մեկ օր առաջ։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան նաև մի քանի այլ մեղադրանքներ են ներկայացված, որոնք կապված են նրա պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում