Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Նախիջևանը Ադրբեջանին միացնող ճանապարհների հարցերը։
Բաքվում ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի արտգործնախարարն ասել է․ «Պարոն նախագահ Իլհամ Ալիևն [հանդիպմանը] ընդգծեց, որ այն գնահատականներն ու վերլուծությունները, ըստ որոնց՝ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Իրանի ու Հայաստանի միջև պատմական հաղորդակցության ընդհատմանը, ճիշտ չեն։ Ադրբեջանական կողմը Իրանի պատմական հաղորդակցությունները խոչընդոտնելու նպատակ չի հետապնդել և չի հետապնդելու»:
Նա հիշեցրել է Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող մեկ այլ ճանապարհի մասին, որն անվանել է «Արաքսի միջանցք»: Այդ ճանապարհի նախագծի շուրջ Թեհրանն ու Բաքուն փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել 2022-ի մարտին։
«Մենք Ադրբեջանի նախագահի և ադրբեջանցի մյուս պաշտոնյաների հետ պայմանավորվել ենք արագացնել գործընթացը»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը և հույս հայտնել, որ մեկ տարվա ընթացքում ճանապարհը շահագործման կհանձնվի:
Աբդոլլահիանը Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման շուրջ գրառում է կատարել նաև Թվիթերում․ «Բաքվում կայացավ կառուցողական, երկարատև և արդյունավետ հանդիպում Ադրբեջանի հարգելի նախագահի հետ: Ենթադրվում է, որ այս անկեղծ զրույցը նոր էջ կբացի բարեկամական և եղբայրական երկու հարևաննների հարաբերություններում և կհիասթափեցնի չարակամներին»:
Իրանի ԱԳ նախարարը Բաքու է մեկնել մասնակցելու Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։ Բաքվում ադրբեջանական և իրանական պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունները վերականգնելու խնդրին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին ամիսներին հայտարարել են, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները ամենացածր մակարդակում են գտնվում:
Civilnet











