Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվում, թե իբր ռուս խաղաղապահներն այսօր հեռացրել են Հակարի կամրջի մուտքի մոտ տեղադրված ադրբեջանական դրոշը, որն Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ տեղադրել էին հունիսի 15-ին։
Նման հրապարկմամբ հուլիսի 7-ին հանդես է եկել, օրինակ, «Հրապարակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ դրոշը ՌԴ խաղաղապահաներն այսօր են հեռացրել։

Օրաթերթը հրապարակել է 41 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խաղաղապահը վայր գցում ադրբեջանական դրոշը։ Մի շարք այլ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ ևս տարածել են տեսանյութը առանց ամսաթվի նշման։
Տեսանյութը ամբողջական չէ։ Իրականում Ադրբեջանի դրոշը ՌԴ խաղաղապահները իջեցրել են ոչ թե այսօր, այլ հենց հունիսի 15-ին։
Տեսանյութի ամբողջական տարբերակը, որից առանձնացված հատվածը տարածվում է հայաստանյան լրատվամիջոցներում, այսօր առաջինը հրապարակել է ռուսական «Рыбарь» տելեգրամյան ալիքը։
Տեսանյութի վերևի աջ հատվածում հստակ երևում է, որ ռուս խաղաղապահը ադրբեջանական դրոշը իջեցրել է հունիսի 15-ին՝ առավոտյան 08։47-ին՝ ադրբեջանցի զինծառայողների տեղադրումից տասը րոպե անց։
Բնօրինակ տեսանյութում նաև երևում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի մի քանի զինծառայողներ փորձել են խոչընդոտել ադրբեջանական դրոշի տեղադրումը և ընդհարում ունեցել ադրբեջանցի զինծառայողների հետ։
Այնուամենայնիվ, երբ հայկական կողմը կրակ է բացել դրոշը տեղադրող ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ, և այնուհետև ՌԴ խաղաղապահը հեռացրել է դրոշը, այն կրկին տեղադրվել է մոտ չորս ժամ անց։ Տեսանյութում նշվում է, որ դրոշի՝ երկրորդ անգամ տեղադրման ժամանակ ներկա են եղել նաև Հայաստանի սահմանապահ ծառայության երկու զինծառայող և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամկազմը։
Միջադեպի օրը հայկական կողմի տարածած տեսանյութը մոլորեցնող էր։
Կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի օրը՝ հունիսի 15-ին, հայաստանյան լրատվամիջոցներում տարածվել էր 39 վարկյան տևողությամբ տեսանյութ, որի սկզբաղբուրը Armenian Military Portal տելեգրամյան ալիքն էր։
Ըստ էության, ավելի վաղ տարածված տեսանյութում բացակայում են այդ օրը տեղի ունեցած միջադեպի կարևոր որոշ դրվագներ, այդ թվում՝ ռուս խաղաղապահների՝ դրոշի տեղադրումը խոչընդոտելը և այնուհետև դրոշը հանելը՝ մինչև մի քանի ժամ անց Ադրբեջանի զինծառայողների կողմից կրկին դրոշի տեղադրումը:
Ռուսական տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութը ևս ամբողջական չէ․ այն կազմված է առանձին կտրված հատվածներից։
CivilNetCheck
Civilnet











