Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խմ ջրառ: Համապատասխան նախագիծն ԱԺ հուլիսի 11-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով»,- նշեց Տերտերյանը:
Փոխնախարարն ասաց՝ ենթադրում են, որ օգոստոսին լրացուցիչ ջրառի խնդրին անդրադառնալու կարիք կլինի, ինչով պայմանավորված էլ խնդրում են ԱԺ-ին քննարկել այս առաջարկը, որ կարողանան ոռոգման սեզոնն առանց ընդհատումների անցկացնել:
Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է արտահայտվում Սևանա լճից նախատեսվող լրացուցիչ ջրառին՝ նման որոշումը համարելով օրենքին անհամապատասխան: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց՝ մինչև 2019 թվականի կարգավորումներով հնարավորություն կար նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում իրականացնել լրացուցիչ ջրառ, սակայն 2019-ին օրենքում կատարվել են փոփոխություններ: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ իշխանականներն են հայտարարել, որ Սևանա լճից ջրի բացթողումը բացառվելու է, եթե 170 մլն-ը գերազանցի և, եթե Սևանա լճի հաշվեկշիռը բացասական լինի, իսկ այս պահին բացասական է․ «Հիմա, դուք խախտելով ձեր իսկ կողմից ընդունած կանոնը, հայտարարում եք այլ բան»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորը հավելեց՝ օրենքով սահմանված կարգով ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա մի մասում երաշտ հայտարարելու դեպքում կարող է ներկայացվել նախագիծ: Սակայն սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու կանոններ են սահմանվել: Ըստ դրա՝ կառավարությունը հայտարարում է սակավաջրություն և երաշտ, նախատեսում է ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում և այլն․ «Այս նախագիծը ոչինչ չի ասում ՀՀ-ում երաշտ կամ սակավաջրություն հայտարարելու մասին»,- նշեց Մինասյանը:
Civilnet











