Ադրբեջանը այսօրվա ընթացքում երկրորդ անգամ Տեղի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է ևս մեկ զինծառայող։
«Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, նույն Տեղի հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր զինծառայող Ե. Խ.-ն։
***
2023-ի մարտ-ապրիլին Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության ընթացքում ադրբեջանցիները առաջ էին եկել Տեղի հատվածում։ Մասնավորապես, Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Մինչ այդ սահմանի նշված հատվածի պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։
«Սահմանի պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ 12 կմ-ից 7-ում տեղակայման կետերը հստակեցվել են»,- Կառավարության ապրիլի 6-ի նիստի մեկնարկին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով։
Ապրիլի 11-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել էր չորս զոհ և վեց վիրավոր։
Civilnet











