Գլխավոր Լրահոս

Պատերազմում ձեռքերը կորցրած ալավերդցի Կարեն Խլոպուզյանին պետք է աջակցել

Պատերազմում ձեռքերը կորցրած ալավերդցի Կարեն Խլոպուզյանին պետք է աջակցել

44-օրյա պատերազմում երկու ձեռքերը կորցրած 20-ամյա Կարեն Խլոպուզյանի համար 2022 թվականին Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում առանձնատուն է կառուցել և նվիրել Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը: Անցել է շուրջ մեկ տարի: Կարենը չի բնակվում իր առանձնատանը, քանի որ առանձնատան կահավորման ֆինանսական միջոցներ չունի: Տունը դեռևս լուսավորված չէ: Օրերս թաղամասի էլեկտրիկը Կարենին հայտնել է, որ էլեկտրացանցի բաժանորդ դառնալու համար պետք է վճարի 250 հազար դրամ: Կարենն այդ գումարը վճարելու հնարավորություն ևս չունի: 

Լուսանկարում՝ Կարեն Խլոպուզյանի տունը

Առանձնատան շուրջ 700 քմ տնամերձը բարեկարգելու համար Կարենն արդեն մեկ տարի է՝ չի կարողանում տրակտոր հայթայթել, թեև այդ խնդրանքով դիմել է տրակտոր ունեցող Ալավերդու բոլոր հիմնարկներին: 

«Խնդրում ենք մեզ տրակտոր տրամադրելու համար Ալավերդիում ոչ մեկի չդիմեք, որովհետև մենք տրակտորի պահանջով գրեթե բոլորին դիմել և մերժվել ենք»,- ասում է Կարենի քույրը՝ Հերմինե Խլոպուզյանը: 

Կարենը սոցիալական ծանր խնդիրներ ունեցող ընտանիքից է: Հայրենիքի պաշտպանության դիրքերում պատերազմի սարսափներն ապրած երիտասարդը չի կարողանում միայնակ պետությունից ստացվող 200 հազար դրամ կենսաթոշակով կահավորել նվեր ստացած բնակարանը:

Սերժ Անգելյանի խոսքով՝ որոշել էր այնպիսի տուն կառուցել զինվոր Կարենի համար, որպիսին կկառուցեր իր որդու համար: Բարերարը առանձնատունը Կարենին հանդիսավորությամբ նվիրել էր 2022 թվականի հուլիսի 27-ին: Կարենն ասում է՝ շատ է սիրում իր առանձնատունը: 

Լուսանկարում՝ Սերժ Անգելյանը

Տունն ստանալուց հետո Կարենը Սիվինեթին հայտնել էր, թե այլևս երազանքներ չի փայփայում, հիմա նպատակներ ունի: Դրանցից առանձնատան կահավորումը, տան բակում գեղեցիկ այգի ստեղծելը, ընտանիք կազմելն ու  երեխաներ ունենալը Կարենն առանձնապես էր կարևորել: Ստեղծված իրավիճակում երկու ձեռքից զրկված  երիտասարդը հայտնվել է անօգնական վիճակում: 

Կարեն Խլոպուզյանը զինծառայության է մեկնել 2020 թվականի հուլիսի 20-ին:Նա ձեռքերը կորցրել է 2020-ի հոկտեմբերի 1-ին՝ անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունի հետևանքով: Հազիվ երկու ամսվա զինծառայող և զենքին դեռ լավ չտիրապետող զինվոր էր, երբ նրան տեղափոխել են Հադրութի դիրքեր: Այնտեղ էլ պատերազմի չորրորդ օրը նա կորցրել է ձեռքերը:

«Առաջինը, որ նկատեցի, բեկորներից մանր մասերի բաժանված ձեռքերս էին»,- հիշում է Կարենը: Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված Կարենը վիրահատվել, ապա տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժումը  շարունակվել է: Կարեն Խլոպուզյանը պրոթեզավորվել է Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Սիվիլնեթը հետևել է նրա պրոթեզավորմանը: Հուլիսի 15-ին հանդիպման եկած Կարենը պրոթեզներ չէր կրում: Ասաց՝ դրանք արտերկիր է ուղարկվել վերամշակման: 

Այսօր բոլորը՝ համայնքապետը, մարզպետը, տրակտոր ունեցող հիմնարկների ղեկավարները, պարտավոր են աջակցել Կարենին։

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում