Հայաստանի համայնքների մի շարք վարչական ղեկավարներ լծվել են Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանի համար ձայներ հավաքելու գործին։ «Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրողը, ներկայանալով որպես ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի օգնական, զանգահարել է Լոռու մարզի խոշորացված Սպիտակ համայնքի վարչական ղեկավարներին ու հարցրել ցուցակների, Երևանում գրանցված համագյուղացիների՝ Տիգրան Ավինյանին ընտրելու մասին։ Ձայնագրություններում մի խումբ վարչական ղեկավարներ թվարկում են, թե ինչ աշխատանքներ են իրականացրել ձայներ հավաքելու համար, պատմում, թե ում են դիմել ընտրություններում իշխող ուժին ընտրելու համար և յուրաքանչյուրը լրագրողին ներկայացնում է իր թվերը։
Մի քանի վարչական ղեկավարներ ասում են, թե տեղյակ չեն ինչ ցուցակների մասին է խոսքը, առնվազն 5-6 վարչական ղեկավար էլ (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) ներկայացնում են թվերը, թե ցուցակում ովքեր են և իրենց գյուղից քանիսն են ընտրելու «Քաղաքացիական պայմանագրին»։
Վարչական ղեկավարներից մեկն էլ զրույցում տարակուսանք է հայտնում, թե ինչու են իրեն ցուցակների մասին հարցեր տալիս հուլիսի 20-ին, չէ՞ որ, ըստ պայմանավորվածության, ինքը ցուցակը պիտի ներկայացներ ամսվա վերջին օրերին։ Մյուսների դեպքում որևէ հարց չի առաջանում, թե ինչու պիտի Գևորգ Պապոյանի օգնականն իրենց զանգահարեր ու խոսեր ընտրողների ցուցակներից։
«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, համակարգել է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Ձայնագրություններում առավել ուշագրավ է Սպիտակի համայնքապետի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանի հետ զրույցը։ «Իմ մոտ նորմալ արդյունք կա։ Ես էս պահին զրուցել եմ 30 անձի հետ, որից 23-ը վստահ ասել են (նկատի ունի ՔՊ-ին ընտրելու մտադրության մասին), 7-ը ասել են՝ չեն մասնակցելու։ Էդ էն մասսան ա, որ դաշնակ էլ ընտրեն՝ ես իրենց հարազատն եմ, իրենք չեն քցելու իմ խոսքը գետին։ Մտածում եմ՝ հասնեմ քաղաք, մի քանի բան կա քննարկելու, այդ թիվը կարող է դառնալ մինչև 100»,- ասում է համայնքապետի տեղակալը՝ վստահեցնելով, որ իրենց տարածաշրջանում աշխատանքներ տարվում են։
«Իմ պատկերացումներով՝ Սպիտակից մոտ կձգի 1000 ավելը։ Ես տենց եմ պատկերացնում, 20 համայնք ունենք, գումարած Սպիտակ քաղաքը, գումարած աշխատակազմը, բոլորը չեմ կարող ասել, բայց 80 տոկոսը բոլորի մտածելակերպը տանում է էդ ուղղությամբ»,- Գևորգ Պապոյանի օգնական ներկայացած լրագրողին պատմում է Հովհաննիսյանը։
Ջրաշենի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը լրագրողին պատմում է՝ վստահաբար 15 մարդ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, ներառյալ իր քույրը, որ գրանցված է Երևանի Տիգրան Մեծ փողոցում։ Նա նաև մտադրություն է հայտնում առաջիկա օրերին գալ Երևան ու այլ մտերիմների հետ զրուցել այդ թեմայով։ Որոշ վարչական ղեկավարներ լրագրողին հայտնում են, որ այդ աշխատանքներն արել են աշխատավայրից, ցուցակները աշխատավայրում են։
«Քաղաքացիական պայմանագիրը», անդրադառնալով սկանդալային ձայնագրություններին, հերքել է, թե կիրառել է վարչական ռեսուրս։ ՔՊ վարչության փոխնախագահ, նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանն էլ հայտարարել է դատական գործընթաց սկսելու մտադրության մասին։
Civilnet











