Գլխավոր Լրահոս

Հայաստանի մի քանի բանկեր հրաժարվել են Unistream-ից

Հայաստանի մի քանի բանկեր հրաժարվել են Unistream-ից

Հայկական մի քանի բանկեր դադարեցրել են Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը: Նման որոշում են կայացրել «Արդշինբանկը», «Կոնվերս Բանկը» և «Ինեկոբանկը»։ 

Թեպետ բանկերը չեն նշում որոշման պատճառը, սակայն մասնագետները ենթադրում են, որ այն կարող է պայմանավորված լինել դրամական փոխանցումների տվյալ համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով: Կենտրոնական բանկն էլ նման դեպքերում տալիս է հերթապահ պատասխան. «Բանկերն իրենք են կառավարում իրենց ռիսկերը և կայացնում որոշումներ»: 

Unistream-ի սպասարկման դադարեցման մասին հայտարարել են իրենք՝ բանկերը` հաճախորդներին առաջարկելով այլընտրանքներ: 

«Արդշինբանկ ՓԲԸ դադարեցնում է դրամական փոխանցումների իրականցումը Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով: Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը և առաջարկում դրամական փոխանցումեր կատարել բանկի կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարագերով՝ Moneygram, Intelexpress, Ria, Moneytun»,- ասված է ֆինանսական կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Համանման մամուլի հաղորդագրություն է տարածել նաև «Ինեկոբանկը»։

«Կոնվերս Բանկի» դեպքում նշվում է, որ Unistream-ի սպասարկումը դադարեցվում է «այս պահի դրությամբ»` նույնպես առաջարկելով գումար փոխանցելու կամ ստանալու համար օգտվել այլ համակարգերից: Բանկի մամուլի ծառայությունը չի հստակեցնում` արդյոք որոշումը վերջնական է, թե որոշ ժամանակ անց Unistream համակարգի սպասարկումը կարող է վերագործարկվել:  

Հատկանշական է, որ «Կոնվերս Բանկի» պարագայում Unistream-ի միջոցով հնարավոր է դրամական փոխանցում ստանալ, եթե անձը ձեռք է բերել բանկի թողարկած հատուկ Transfer Card-ը։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Այդ պարագայում նրա հաշվից հնարավոր կլինի գումար փոխանցել «Կոնվերս Բանկի» քարտին:

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Unistream-ից հրաժարվել են նաև «Հայէկոնոմբանկը» և «Էվոկաբանկ», սակայն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 

«Հայէկոնոմբանկ»-ից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Unistream-ի միջոցով ռուսական ռուբլով փոխանցումներ կատարում են: Դադարեցվել են փոխանցումները դոլարով և եվրոյով: 

«Էվոկաբանկ»-ից էլ հայտնեցին, որ շարունակում են բնականոն և առանց սահմանափակումների սպասարկել Unistream դրամական փոխանցումների համակարգը: 

Հուլիսի 20-ին ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել Unistream վճարային համակարգի օպերատոր ռուսական Unistream բանկը։ Պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ գործառնությունները թույլատրվում են մինչև հոկտեմբերի 18-ը: Սահմանափակումները ներառում են ԱՄՆ բնակիչների հետ բիզնեսով զբաղվելու արգելք, ինչպես նաև ակտիվների արգելափակում։

Օրեր առաջ` հուլիսի 21-ին, Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն и TBC Bank-ը դադարեցրել են հաճախորդների սպասարկումը, որոնք գումար են ստանում Unistream համակարգով։

ՀՀ կենտրոնական բանկից չեն հայտնում Unistream արագ փոխանցումների համակարգով տարեկան կտրվածքով Հայաստան փոխանցված գումարների ծավալը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում