Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։ Այդ մասին հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի արտգործանախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, կարևորել է սահմանազատման և Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը։
«Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան»,- ասել է նա։
Civilnet











