Հայաստանը կտուժի ավտոմեքենաների վերաարտահանման վրացական արգելքից

Վրաստանի իշխանությունների որոշմամբ օգոստոսի 1-ից արգելվում է ամերիկյան արտադրության ավտոմեքենաների արտահանումն ու վերաարտահանումը Վրաստանից Ռուսաստան և Բելառուս։ Սեպտեմբերի 26-ից նմանատիպ արգելք կգործի ԵՄ-ում արտադրված մեքենաների պարագայում։ Այս որոշումները կարող են բացասական ազդեցութուն ունենալ նաև Հայաստանի համար, որն օգտագործելով վրացական տարանցումը, դարձել է Ռուսաստան ավտոմեքենաների մատակարարման կարևոր ուղղություններից մեկը:
Վրաստանի տարածքով ամերիկյան և եվրոպական արտադրության ավտոմեքնաների արտահանման և վերաարտահանման արգելքի մասին հաղորդագրությունը Վրաստանի ֆինանսների նախարարությունը տարածեց օգոտստոսի 2-ի երեկոյան: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն կայացվել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում՝ կապված ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման հետ:
Թեպետ Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած որոշման մեջ Հայաստանի մասին հիշատակում չկա, սակայն վերաարտահաման արգելքը, ըստ հրապարակումների՝ բացասական կազդի նաև հայկական ավտոշուկայի վրա: Հայաստանը, չունենալով ավտոմեքենաներ սեփական արտադրություն և օգտագործելով վրացական տարանցման ուղին, վերջին մեկուկես տարում դարձել է Ռուսաստան ավտոմեքենաների մատակարարման կարևոր ուղղություն:
Այն, որ Վրաստանի կառավարության` ատվոմեքենաների արտահանման և վերաարտահաման արգելքը խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար, հայտնում է նաև svoboda.org-ը:
«Վրաստանի Ֆինանսների նախարարության որոշմամբ արգելվում է նաև ամերիկյան և եվրոպական մեքենաների վերաարտահանումը Հայաստանից Ռուսաստան՝ Վրաստանի Վերին Լարս մաքսակետով։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մեքենան պատկանում է ՀՀ քաղաքացուն, և հիմք չկա ենթադրելու, որ նա ավտովաճառող է»,- ասված է հրապարակման մեջ։
Ռուսական «Ավտոստատ» վերլուծական գործակալության տվյալներով` Հայաստանը Ռուսաստան նոր և օգտագործված ավտոմեքենաների մատակարարող երկրների հնգյակում է: Օգտագործված մեքենաների գրեթե 13%-ը և նորերի գրեթե 2%-ը մատակարարվում է Հայաստանից:
Առավել տպավորիչ տվյալներ էր ներկայացրել ամերիկայն հեղինակավոր Financial Times-ը հուլիսի 18-ին հրպարակած հոդվածում, համաձայն որի՝ միայն 2023-ի հունվարին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ավտոմեքենաների արտահանումը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 միլիոն դոլար: Հոդվածում նշվում է, որ 2022-ի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի օգտագործված ավտոմեքենա, մեկ տարի անց այդ ցուցանիշը հասել է 29,5 մլն դոլարի, իսկ ապրիլին՝ 34 մլն դոլարի։
Արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստան տարբեր ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների վերաարտահանումը, մեծ լիցք են հաղորդել Հայաստանի տնտեսությանը` 2022-ին ապահովելով ռեկորդային 13% տնտեսական աճ:
Civilnet










