Գլխավոր Լրահոս

Հայկ Մարությանը՝ «Ազգային առաջընթացի» հետ․ ինչ անցյալ ունի կուսակցությունը

Հայկ Մարությանը՝ «Ազգային առաջընթացի» հետ․ ինչ անցյալ ունի կուսակցությունը

Օգոստոսի 8-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ կմասնակցի մայրաքաղաքի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ Քանի որ այս կուսակցությունը վերջին տարիներին ակտիվություն չէր ցուցաբերում քաղաքական դաշտում, հանրության շրջանում հարց առաջացավ՝ ովքեր են կուսակցության ղեկավարներն ու ինչու է հենց այս կուսակցությամբ Մարությանը գնում ընտրությունների։

«Ազգային առաջընթացը», ըստ կուսակցության պաշտոնական կայքէջի, ստեղծվել է 2018-ի հոկտեմբերին և մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին՝ դեկտեմբերի 9-ին։

Այդ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորում էր Լուսինե Հարոյանը։ 2019-ի ապրիլին, սակայն, նա հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցությունից, քանի որ «կուսակցության մյուս անդամների հետ գաղափարական անհամաձայնություն էր առաջացել»։ Կուսակցությունը ընտրություններին ստացավ 4 122 քվե կամ ձայների 0,33 տոկոսը։ 

Այս քաղաքական ուժի նախաձեռնող անդամներն անցյալում քաղաքացիական ակտիվ գործունեություն են ծավալել։ 2015-ին ձևավորել են «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը։ Կուսակցության էջում նշվում է, որ «2016-ին՝ Ապրիլյան պատերազմի օրերին, նախաձեռությունը միակն էր, որ հանդես եկավ «Մենք Զինվորի կողքին ենք» կարգախոսով և երթ կազմակերպեց դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով Սերժ Սարգսյանին ենթարկել պատասխանատվության»:

Կուսակցության նախաձեռնող խմբի անդամները նաև եղել են «Դեմ եմ» շարժման կազմում՝ պայքարելով կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման դեմ։

Հայկ Գրիգորյան«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ

Քաղաքական ուժի վարչության անդամներից ամենահայտնին, թերևս, Հայկ Գրիգորյանն է։ Նա 2007-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Սահմանադրական իրավունք» մասնագիտացմամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է արտասահմանում, 2022-23-ին ուսանել է քաղաքագիտություն Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա)։ Ըստ կենսագրության՝ ​​զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ թե՛ Հայաստանում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրան զուգահեռ ԱՄՆ-ում զբաղվում է նաև անշարժ գույքի կառավարմամբ։ 

Մինչև այս տարվա ապրիլը այս կուսակցության յութուբյան էջում տեղադրվում էին Հայկ Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ որպես քաղաքապետի թեկնածու հենց նա էր ներկայանում։ Ներկայում, սակայն, կուսակցությունը հայտարարում է, որ Մարությանն է ղեկավարելու ցուցակը, իսկ երկրորդ համարը կլինի կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

Կուսակցության վարչության նախագահը Արամ Մանուկյանն է (չշփոթել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ - խմբ․)։ Մանուկյանի կենսագրությունում նշվում է, որ մասնակցել է արցախյան երկու պատերազմներին՝ որպես կամավոր։

ՍիվիլՆեթը դիմեց Հայկ Մարությանի մամուլի ծառայություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու նա ընտրեց հենց այս կուսակցությունը։ Մեզ հայտնեցին, որ առաջարկը կուսակցությունից է եղել, Մարությանն էլ այն ընդունել է, այդուհանդերձ հավելեցին, որ հետագայում նա առավել մանրամասն կանդրադառնա հարցին։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում