Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի մշակույթի նախարարը Վրաստանի գրողների տան նոր տնօրեն է նշանակել իշխող կուսակցության պատգամավորներից մեկին։ Գրողների տունը պետության կողմից աջակցություն ստացող, սակայն պատմականորեն անկախ գրական ասոցիացիա է։
Հինգշաբթի արված հայտարարությունն այն մասին, որ այդ պաշտոնը կստանձնի Քեթևան Դումբաձեն, արժանացել է գրողների և մշակութային այլ գործիչների քննադատությանը, որոնք իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել են երկրի մշակութային ոլորտներում վերահսկողություն և ճնշում գործադրելու փորձ անելու մեջ:
««Վրացական երազանք»-ը պարզապես մեկ այլ կենտրոնակայան է ավելացրել իր կուսակցության գրասենյակներին»,- հինգշաբթի հայտարարել է վրացի նշանավոր գրող Լաշա Բուղաձեն։
Դումբաձեն, որը նախկինում զբաղվել է գրական թարգմանությամբ, հրատարակչական գործով և լրագրությամբ, 2021-ի մարտից զբաղեցնում է խորհրդարանի Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը և հազվադեպ է քաղաքականապես աչքի ընկել իր պաշտոնավարման ընթացքում: Ակնկալվում է, որ նա այդ պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 4-ին՝ պատգամավորի պաշտոնը թողնելուց հետո:
Վրացի այլ գրողներ ևս դժգոհություն են արտահայտել այս որոշման վերաբերյալ՝ պնդելով, որ իշխող քաղաքական կուսակցությունն այս կազմակերպության նոր ղեկավարին նշանակում է վրացական գրական կյանքն իրեն ենթարկելու, գրաքննելու և քաղաքական ցանկացած քննադատություն վերացնելու համար:
Չնայած Գրողների տունը ֆինանսավորվում և վերահսկվում է նախարարության կողմից՝ 20-րդ դարի սկզբին ստեղծված այս կառույցը երկար ժամանակ որպես հակակշիռ էր համարվում Գրողների միությանը, հաստատություն, որը գտնվում էր խորհրդային իշխանությունների խիստ վերահսկողության տակ:
Գրողների միությունը տասնամյակներ շարունակ գրողների համար տպագրվելու և աշխատանք ունենալու միակ հասանելի ուղին է եղել։ Այն գրողներին թույլ չէր տալիս իրենց ասելիքը հասցնել լսարանին, եթե իրենց գաղափարները չէին համապատասխանում իշխող գաղափարախոսությանը: Ինքը՝ Դումբաձեն, 1983-ից տասը տարի աշխատել է Գրողների միությունում։
«Անհնազանդություն խորհրդային քաղաքականության դեմ»
Դումբաձեի նշանակման մասին մշակույթի նախարար Թեա Ցուլուկիանիի հայտարարությունից ժամեր անց հրապարակվել է Դումբաձեի նշանակմանը դեմ հայտարարություն, որն ստորագրել են ավելի քան 80 վրացի հրատարակիչներ, թարգմանիչներ և գրողներ, այդ թվում՝ հայտնի գրող Թամթա Մելաշվիլին և բանաստեղծ Պաատա Շամուգիան։
Հայտարարությանը միացածները «անհնազանդություն» են հայտնում Մշակույթի նախարարության ներկայիս ղեկավարության «ոչ ժողովրդավարական» և «խորհրդային» քաղաքականության դեմ։
«Մեկ այլ առողջ մշակութային տարածք է պատնեշվում։ Ահա, վրաց գրականություն է մուտք գործում քոցի-ռեալիզմի դարաշրջանը»,- դժգոհել է վրացի գրող Զվիադ Ռատիանին՝ ակնարկելով սոցիալիստական ռեալիզմը, որը Խորհրդային Միության պաշտոնական պետական ոճն էր 20-րդ դարի մեծ մասի ընթացքում: «Քոցի»-ն նվաստացուցիչ եզրույթ է, որը կիրառվում է «Վրացական երազանք»-ի անդամներին և համակիրներին նկատի ունենալիս և կազմված է կուսակցության անունից, վրացերեն՝ «Քարթուլի Օցնեբա»:
2019-ին Մշակույթի նախարարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Միխեիլ Բատիաշվիլին, բախվեց նման ընդդիմության, երբ հայտարարեց Գրողների տան և դրան ենթակա կառույց համարվող Գրքի ազգային կենտրոնի միաձուլման մասին։ Քննադատները համարում էին, որ այդ որոշմամբ Գրքի ազգային կենտրոնը վերացվում է։ Հանրային դժգոհությունից հետո Գրողների տան այժմ հեռացող տնօրեն Նատա Լոմուրին հասավ նրան, որ ապահովեց իր չորսամյա պաշտոնավարումը: Լոմուրիի լիազորությունները պետք է դադարեցվեն ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ։
Այդ ժամանակ գրողները, այդ թվում՝ Լաշա Բուղաձեն, պնդում էին, որ այդ քայլով իշխանությունները նպատակ ունեին հաշվեհարդար տեսնել այն գրողների նկատմամբ, որոնք աջակցել էին գրող Զվիադ Ռատիանիին: 2017-ի վերջին Ռատիանին հայտարարել էր, որ ինքը ոստիկանական դաժանության և անօրինական ձերբակալության զոհ է դարձել, ինչը գրողներին դրդեց հայտարարություններ հրապարակել՝ աջակցություն հայտնելով Ռատիանիին և դատապարտելով իշխող կուսակցությանը:
Դումբաձեի քննադատները նաև ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ նա աջակցել է մարտին իր կուսակցության բերած օրինագիծը, որը նպատակ ուներ Վրաստանում քաղաքացիական հասարակության խմբերին ճանաչել որպես «արտաքին ազդեցության գործակալներ»: Օրինագծին ընդդիմացողներն այն անվանել են «ռուսական օրենք»՝ հղում անելով այն կանոնակարգերին, որոնք էապես սահմանափակել են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունն ու իրավական կարգավիճակը:
«Մենք չենք ընդունի նոր տնօրենի, որը դեմ է դուրս եկել հանրությանը և պաշտպանել է «ռուսական օրենքը»։ Մենք չենք ընդունում գրական աշխարհ, որը գործում է խորհրդային մեթոդներով և ներխուժմամբ»,- ասվում է հայտարարությունում։
Ի պատասխան քննադատությունների՝ Դումբաձեն խոստացել է, որ Գրողների տանը կլինի ստեղծագործական արտահայտման ազատություն և նշել, որ տեղին չեն մտավախությունները, թե իր ղեկավարության ներքո Գրողների տանը կուսակցական գիծն առաջ կտարվի։
«Վտանգավոր զավթում»
Վերջերս Գրողների տան և կառավարության միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որում ներգրավված է եղել հենց մշակույթի նախարար Թեա Ցուլուկիանին։ 2021-ին նա բախվել էր հակազդեցության, երբ Գրողների տան կողմից անցկացվող Litera գրական մրցույթի ժյուրիի կազմում նախարարության ներկայացուցչի էր ընդգրկել։
Մրցույթը չեղարկվել էր այն բանից հետո, երբ գրեթե բոլոր մասնակիցները և ժյուրիի մյուս անդամները ի նշան բողոքի ինքնաբացարկ էին հայտնել:
«Միացյալ ազգային շարժում»-ը, որը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խումբն է, այս նշանակումն անվանել է իշխող կուսակցության կողմից «մշակութային հաստատությունների վտանգավոր զավթում»:
«Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Թինա Բոկուչավան նույնպես հայտարարել է, որ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փորձում է «ամբողջական, բացարձակ և անվերապահ վերահսկողություն ունենալ պետական և հասարակական բոլոր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում»:
Թեա Ծուլուկիանին, որը նաև փոխվարչապետ է, իշխող կուսակցության ամենաերկարակյաց անդամներից է և 2012-ին «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Վերջին տարիներին Ծուլուկիանին հաճախակի քննադատության է արժանացել իր նախարարության ենթակայության տակ գտնվող տարբեր կազմակերպություններից կառավարության քննադատներին աշխատանքից ազատելու համար: Նման դեպքերի վերաբերյալ մի շարք դատական վճիռներ կան, ըստ որոնց՝ պետական ծառայողների պայմանագրերի խզումն անօրինական է եղել։
Civilnet











