Լոռու մարզպետը չի բացառում, որ Ալավերդու համայնքապետին անվստահություն կհայտնեն

Լոռու մարզպետարանը լայնածավալ ստուգումներ է սկսել Ալավերդում, որտեղ անցած տարվա տեղական ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել ընդդիմադիր Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանը։ ՍիվիլՆեթի Ալավերդու թղթակից Լարիսա Փարեմուզյանը զրուցել է Լոռու մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արամ Խաչատրյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել մարզպետի գրասենյակում՝ Վանաձորում։
2022-ի սեպտեմբերին Ալավերդի խոշորացված համայնքում ընտրություններում ավագանու հավասար՝ 13 մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) և Ապրելու երկիր կուսակցությունները՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիր կուսակցությունը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին, իսկ փոխքաղաքապետ՝ Կոնգրեսի ներկայացուցչին։ Ընտրությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար դարձավ նախկին հանրապետական, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: ՔՊ-ն չի համակերպվում այս պարտության հետ, և Լոռու մարզպետարանը սկսել է ստուգումներ իրականացնել Ալավերդու համայնքապետարանում։ Տե՛ս նաև՝ Միջկուսակցական խարդավանքներ Ալավերդու ավագանիում։
- Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար, Ապրելու երկիր կուսակցության անդամ Արկադի Թամազյանն ասում է, որ դուք որպես մարզպետ անցած մեկ տարում իր հետ աշխատանքային հարաբերություններ չեք ունեցել: Ինչո՞ւ:
- Չգիտեմ, համայնքապետ կա, որ կարող է մի տասը, քսան օր իրար հետ չխոսենք:
- Դուք համայնքապետ Արկադի Թամազյանին հանդիպելիս բարևո՞ւմ եք:
- Ես մարզի ղեկավար եմ, և ինձ համար կապ չունի, թե այս կամ այն համայնքում ով է ղեկավարը և ինչ ուժ է ներկայացնում: Մենք հարգում ենք ժողովրդի ընտրությունը: Մենք աշխատում ենք ի շահ համայնքի և ժողովրդի: Մարզպետարանը Ալավերդու համայնքապետարանի հետ աշխատում է: Արկադի Թամազյանին, երբ հանդիպեմ, նորմալ կբարևեմ, եթե քննարկելու հարց լինի, կքննարկեմ:
- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ նպատակ եք հետապնդել Ալավերդի համայնքի ՏԻՄ մարմինների բոլոր ոլորտներում հունիսի 6-ից մասնագիտական ստուգումների որոշում կայացնելիս:
- Ստուգումների մեջ վատ բան չկա: Դուք եք ասում, որ Ալավերդին լուրջ պրոբլեմներ ունի: Սա պլանային ստուգում է: Քանի որ շատ պրոբլեմներ կան Ալավերդիում, մենք փորձում ենք արագացնել այդ պրոբլեմների լուծումը:
- Ձեր ասած պլանային ստուգումները նախատեսված են եղել 4-րդ եռամսյակում։ Երկրորդ, եթե անգամ դուք շրջանցել եք ժամկետը, ինչո՞ւ մարզպետարանի 39 աշխատող ընդգրկող հանձնաժողովը նախկին Շնող համայնքի բյուջեի ծախսերը չի ստուգում: [Ալավերդի խոշորացված համայնքին միացած Շնող համայնքի նախկին ՀՀԿ-ական ղեկավար Դավիթ Ղումաշյանը ներկայում Ալավերդու ավագանիում ՔՊ խմբակցության ղեկավարն է - խմբ․]։ Թեղուտ ՓԲԸ-ն Շնողում 2020-ից համայնքին տարեկան հատկացնում է 140 մլն դրամ: Մենք մինչև այսօր Դավիթ Ղումաշյանից չենք կարողացել ստանալ Թեղուտ ՓԲԸ-ի 280 մլն դրամ պայմանագրային վճարների ծախսերը: Մտածում էի, կարող է՝ դուք բացահայտեք դա:
- Պարտադիր չէ, որ դա բացահայտելու համար հանձնաժողովը գնա, հասնի Շնող: Ալավերդու համայնքապետարանում է ամբողջ թղթաբանությունը: Դա արդեն մեկ բազայի մեջ է:
- Այդ դեպքում ինչո՞ւ եք կենտրոնացել Արկադի Թամազյանի վրա, երբ ահազանգ կա ձեր խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանի ֆինանսական կասկածելի ծախսերի մասին:
- Ես հարցի հետ կապված պաշտոնապես հայտնում եմ, որ մենք ստուգում ենք Ալավերդի խոշորացված համայնքի վերջին մի քանի տարվա աշխատանքները:
- Իսկ ի՞նչ կասեք համայնքապետ Արկադի Թամազյանի աշխատանքի՝ ավագանու ՔՊ խմբակցության հարուցած խոչընդոտների մասին:
- Դուք նկատի ունեք, որ ՔՊ խմբակցության հետ համայնքապետ Արկադի Թամազյանի աշխատանքը չի՞ ստացվում:
- Ո՛չ, ես նկատի ունեմ, որ համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը խոչընդոտում է ավագանու աշխատանքերը և Ալավերդի խոշորացված համայնքի զարգացումը:
- Ես չեմ կիսում համայնքապետի այդ գնահատականները: Մենք աշխատում ենք ի շահ համայնքի և ժողովրդի: Սուբվենցիոն վեց ծրագրերը, որ 2023-ին ներկայացրել է Ալավերդու համայնքապետը, կառավարությունը հաստատել է: Եթե չեմ սխալվում, աշխատանքներն արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է ավագանու նիստերին, թշնամիներ չենք, որ հիմա նույնիսկ այն հարցն ենք քննարկում՝ բարևենք, թե չբարևենք: Իսկ ինչ վերաբերում է ավագանու ՔՊ խմբակցության մեր գործընկերների գործունեությանը, ես ձեզ հետ շատ պարզ եմ խոսում՝ մեր կուսակցությունը Ալավերդիում փորձում է գալ իշխանության, որպեսզի իր ծրագրերը իրականցնի: Հիմա՝ այս պահի դրությամբ, նիստերին գնում են, չեն գնում, կայացնում են որոշումներ, չեն կայացնում․․․ ես համոզված եմ՝ ՔՊ-ն ոչ թե անձնական պրիզմայով է գործունեությունն իրականացնում, այլ համայնքային և պետական շահերի:
- Համայնքի և պետության շահերի՞ց է բխում աշնանացան ցորենի բաշխման օրակարգով ավագանու նիստը բոյկոտելը:
- Համայնքապետի տեղակալը նշանակվել է առանց ավագանու որոշման, ինչն օրենքով արգելվում է: Դրա հետ մեկտեղ ավագանու քննարկմանն են ներկայացրել ցորենի հարցը: Քաղաքացիակայն պայմանագիր խմբակցությունը առաջարկել է հաստիքացուցակի և տեղակալների հարցը օրակարգից հանել, այդ պայմանով կգնան ցորենի հարցին կողմ կքվեարկեն, որովհետև ցորենը կարիք է ու շահ: Տեղակալների հարցը չեն հանում օրակարգից: Դրանից մի քանի օր հետո Քաղաքացիակայն պայմանագիր խմբակցությունը հրավիրում է արտահերթ նիստ․ օրակարգում դրվեց ցորենի և ավտոբուսների հարցը: Տեսե՛ք՝ իրենք թմբկահարում են, որ Ապրելու երկիր կուսակցությունը ավտոբուսներ է նվիրել Ալավերդի համայնքին: Այստեղ էլ են մանիպուլացնում, որովհետև Ապրելու երկիր կուսակցությունը ոչ թե անհատույց օգտագործման համար է նվիրատվություն անում, այլ երբ ուզի այդ մեքենաներ հետ վերցնելու պայմանով: Բայց ՔՊ խմբակցությունը, չնայելով, թե ովքեր են ավտոմեքենաների նվիրատուները, հետո արտահերթ նիստ է հրավիրել, և ցորենի ու ավտոբուսների խնդիրները լուծվել են՝ հանելով տեղակալների և հաստքացուցակի փոփոխությունների հարցերը: Հիմա դուք ասում եք՝ ցորենի համար չեկան, չքվեարկեցին: Բայց դուք չեք ասում, որ համայնքապետարանը ազնիվ չէ և շանտաժի լեզվով է փորձում խոսել ՔՊ խմբակցության հետ: Իսկ եթե նիստ հրավիրվեր, և ցորենի հարցը քննարկվեր, հետո նույնիսկ տեղակալների հարցը հասներ քննարկման, նույնիսկ դեմ քվեարկելու դեպքում, օրենքի ուժով համայնքապետը կարողանում էր նշանակել տեղակալներ:
- Այդ երկու տեղակալի համար երկու անգամ ավագանու նիստ եք բոյկոտել, մեկ անգամ համայնքապետի առաջարկին դեմ եք քվեարկել: Չե՞ք կարծում, որ երկրին ու ընտրողներին այս պահին շահավետ է ազգային միասնությունը, քան այդ հակասությունները: Հոկտեմբերին՝ Արկադի Թամազյանի աշխատանքային մեկ տարին լրանալուց հետո, ՔՊ-ն Ալավերդի համայնքի ղեկավար նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսելո՞ւ է:
- Չի բացառվում:
Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի
Civilnet










