Օգոստոսի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ յոթ բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել յոթ բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նշում են, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։
««Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
***
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։
Civilnet











