Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել էր նաև ականանետ։
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 3 ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Ըստ հակառակորդի՝ հայկական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ։
Ժամը 13:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը Սոթքի ուղղությամբ կիրառել է նաև ԱԹՍ:
Civilnet











