Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոթքի հատվածում հակառակորդի կրակից զոհվել են Մասիսի բնակիչներ Անդրանիկ Անտոնյանը և Արսեն Մկրտչյանը: Այդ մասին հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Համբարձումյանը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել էր նաև ականանետ, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 3 ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Ըստ հակառակորդի՝ հայկական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ։
Ժամը 14:15-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Civilnet











