Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։
***
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել էր նաև ականանետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 3 ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Ըստ հակառակորդի՝ հայկական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ։
Ժամը 14:15-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Civilnet











