Զոհված համարվող չորս զինծառայողներից մեկի սրտի զարկը վերականգնվել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել էր նաև ականանետ, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 3 ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Ըստ հակառակորդի՝ հայկական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ։
Ժամը 14:15-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Civilnet











