Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ իմփիչմենթի գործընթաց է սկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կուսակցությունը Սահմանադրական դատարան հայց է ներկայացնելու ընդդեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի։
Այս քայլը պայմանավորված է հինգշաբթի նախագահական գրասենյակի հայտարարությամբ, ըստ որի՝ Զուրաբիշվիլին մեկնելու է Եվրոպա մի շարք պաշտոնական հանդիպումների, չնայած Վրաստանի կառավարությունը մերժել էր նրա հայտը:
Իշխող կուսակցությունը պնդում է, որ Զուրաբիշվիլին խախտել է Վրաստանի Սահմանադրությունը, քանի որ նախագահը իրավասու չէ ինքնուրույն ներգրավվելու արտաքին քաղաքականության մեջ՝ առանց գործադիր իշխանության վերահսկողության։
Ըստ Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի՝ նախագահը կարող է ներկայացուցչական լիազորություններ իրականացնել արտաքին հարաբերություններում միայն կառավարության համաձայնությամբ։
Ե՛վ Կոբախիձեն, և՛ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն պնդում են, որ նախագահը մտադիր է թույլ չտալ, որ Վրաստանը ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Հայցը մասամբ հիմնված է Զուրաբիշվիլիի՝ այս տարվա սկզբին արված մեկնաբանությունների վրա, ըստ որոնց` Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում կատարել ԵՄ հանձնարարականները՝ նախքան 2023-ի վերջում երկրի անդամակցության թեկնածության հայտի վերանայումը:
Կուսակցության ղեկավարների հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում կուսակցության նախագահը հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը ներկայում բավարար ձայներ չունի նրան իմփիչմենթի ենթարկելու համար։ Նախագահի իմփիչմենթի համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 մանդատներից 100 ձայն։
Այնուամենայնիվ, Կոբախիձեն պնդում է, որ կարևոր է անցնել ընթացակարգով՝ հանուն օրենքի գերակայության, միաժամանակ նպատակ ունենալով «բացահայտել ընդհանուր օրակարգը», որն իբր կիսում են Վրաստանի նախագահը և նրա ընդդիմությունը։ Դրանով ակնհայտ ակնարկում են խորհրդարանում սպասվող քվեարկության ձախողման մասին։
Հայտարարությունը հնչել է նախագահ Զուրաբիշվիլիի` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից ժամեր առաջ:
Թեև Զուրաբիշվիլին դեռ չի մեկնաբանել հայտարարությունը, Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո նրա Ինստագրամի պաշտոնական էջում տեղադրվել է նախագահի լուսանկարը, որտեղ նա ժպտում է գնացքում, հավանաբար՝ Եվրոպայում:
Կոբախիձեն մամուլի լրագրողներին պարզաբանել է, որ իշխող կուսակցությունը կշարունակի Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի նրա դեմ, իսկ խորհրդարանական քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերի կեսերին։ Վրաստանի Սահմանադրությունը Սահմանադրական դատարանին մեկ ամիս ժամանակ է տալիս՝ որոշում կայացնելու խորհրդարանի առնվազն 50 պատգամավորների կողմից իմփիչմենթի դիմումի վերաբերյալ։
Civilnet











