Քաղաքացիական պայմանագիրը 4000 դրամով հավաքագրում է մարդկանց, որոնք չորս ժամ կմասնակցեն իշխող ուժի քարոզչությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ մասին հաղորդել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց։
Նամակագրությունում դրա հավանական կազմակերպողներից մեկը նաև կոչ է անում հագնել սպիտակ վերնազգեստ (ՔՊ քարոզարշավում ներգրաված անձինք այսպես են հագնվում), իսկ տեղաշարժի մեկնակետը, ըստ նամակագրության, եղել է Երևանի Սայաթ-Նովա 40 հասցեն։ Սա «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի հասցեն է։
«Մասնակից աղջիկներին մեկ ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով»,- նշված է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։ Հավաքագրումներն իրականացվել են ֆեյսբուքյան Promo and More խմբի միջոցով։ Մեկ այլ՝ City Promotion մարքեթինգային գործակալությունն այստեղ հավաքագրում է մասնակիցների՝ քարոզչական տարբեր միջոցառումներում թռուցիկների բաժանման, դրոշակների ծածանման համար։
««Ականատես»-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ արդյոք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր»,-հայտարարել է դիտորդական առաքելությունը։
Civilnet











