Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
Նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում ներքաղաքական վիճակը ծայրաստիճան լարվել է։
Համարվում է, որ քաղաքական լարվածության մի կողմում Բակո Սահակյանն ու նրա թիմն, մյուս կողմում՝ Սամվել Բաբայանը և նրա կողմնակիցները։ Սահակյանի թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, որն այնքան ոչ հրապարակային մարդ է, որ անծանոթ մարդիկ, առանց չափազանցության, նրա ձայնը լսած չկան։ Այս բաժանումը պայմանական է․ այստեղ է նաև Դաշնակցությունը, Արդարությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը։
Արցախում մի շարք պետական այրերի գլխում նստած է այն պատկերացումը, որ ստեղծված վիճակի պատճառը չափից շատ ազատությունն է, սոցիալական ցանցերից ազատ օգտվելն է և այլն։ Երբեմն դրանք նույնիսկ կիրառական նշանակություն են ստանում՝ մի անգամ արգելափակեցին սոցիալական ցաները, լրագրողի վրա հարձակվեցին, քաղաքացի առևանգեցին, անհայտ անձինք ավերեցին փաստաբանների գրասենյակը և այլն։
Այս ամենը չափազանց մտահոգիչ է նաև ինձ՝ լրագրողիս համար, քանի որ իմ աշխատանքը ենթադրում է որոշակի ազատություն։
Վաղը Ազգային ժողովում նախագահի ընտրություն է լինելու։ Սամվել Բաբայանի կողմնակիցները հավաք են անելու Ազգային ժողովի շենքի առջև։ Մթնոլորտը շիկացած է, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձեռնարկելու է բոլոր միջոցները սահմանադրական կարգը պահպանելու համար։ Իսկ Արցախի նախագահի աշխատակազմը հիշեցրել է, որ նախագահի 2022-ի հրամանագրով ռազմական դրության ժաանակ հավաքները սահմանփակվում են, և հավաքներ կազմակերպել թույլատրվում է միայն Արցախի կառավարությանը։ Ոստիկանությունն իր հերթին հայտարարեց, որ հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով։ Հուսանք, միայն օրենքով սահմանված կարգով։
Մթնոլորտը մի փոքր հիշեցնում է 2015-ի բերձորյան միջադեպի նախօրյակը։ Այն ժամանակ էլ էին բազմաթիվ նախազգուշացնող հայտարարություններ անում։
Ինչո՞ւ եմ այսքան մտահոգ։ Արցախում կա կուտակված մեծ դժգոհություն, որ ցանկացած պահի կարող է ներքին պայթյունի հանգեցնել։ Օգոստոսի 28-ին երեկոյան ինից մինչև օգոստոսի 29-ի լուսաբաց Ազգային ժողովում քաղաքական ուժերը քննարկում էին երկրի ճակատագիրը, իսկ դրան զուգահեռ ցուցարները մի քանի անգամ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և մտնել դահլիճ։ Այդ օրը, բարեբախտաբար, արյուն չթափվեց, բայց կարող էր և թափվել։ Քաղաքացիներ կային, որ առաջարկում էին վնաս հասցնել ոստիկաներին։ Նրանցից մի քանիսին ասացի, որ ՊՊԾ-ի (Պետական պահպանության ծառայություն) շարքայիններից մեկը հորաքրոջս թոռն է, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Այո, կոչ անելը մի բան է, գործնական քայլեր անելը՝ մի բան։ Բայց եթե կան կոչ անողներ, կան նաև կոչին հետևողներ։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն անող կգտնվի, և ոստիկաններին վնաս հասցնող էլ կգտնվի։ Եվ այս խարույկի մեջ փայտ նետողների պակաս չկա՝ ի դեմս թե՛ նախկին ու գործող պաշտոնյաների, թե՛ երևանյան բլոգերների։ Նրանցից շատերին սա, ինչպես և պատերազմը, ֆուտբոլային խաղ է թվում։ Կարելի է նստել համակարգչի առջև և երկրպագել «յուրայիններին»։
Երկու կողմերում էլ յուրային են, իսկ ահա վերջին օրերին սահմանին տեղաշարժված ու կենտրոնացած ուժերը հաստատ յուրային չեն։ Նրանք տարբերակում չեն դնելու։
Civilnet











