Գևորգ Թոսունյան
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Ռոբերտ Գևորգյանի անունով։ 18-ամյա ժամկետային զինծառայող Ռոբերտը զոհվել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքերում՝ ադրբեջանական հարձակման ժամանակ։
Ռոբերտի մասին ուսուցիչներն ու աշակերտները ժպիտով են հիշում՝ միշտ կենսուրախ էր։
«Երբ իմացա՝ ինքս ինձ հետ կարծես Ռոբի հետ կռիվ տայի՝ «էլի առաջ ընկա՞ր»։ Նա այդ տեսակն էր, նա պետք է ընկերոջ համար գնար ու կանգներ»,- պատմում է Ռոբերտի դասղեկ Արմինե Խաչատրյանը։
«Նրա միջից միշտ առկայծում էր բարությունը,- պատմում է նույն դպրոցի աշակերտ Մանե Շաբոյանը,- ես նոր էի եկել դպրոց՝ 10-րդ դասարանում էի, իսկ Ռոբը՝ 12-րդ։ Նրա հետ զրուցելիս միշտ դրական լիցքեր եմ ստացել։ Նա այնպես էր հետդ շփվում, որ եթե անգամ օրդ վատ էր սկսվել, 180 աստիճանով փոխվում էր, դրական էներգիայով էիր լիցքավորվում»։
Ռոբերտը ցանկանում էր ծրագրավորող դառնալ, սիրում էր դհոլ նվագել։
«Մեկ-մեկ կատակում էր՝ ասելով, եթե հարսանիք լինի, ասեք՝ գամ-նվագեմ։ Ռոբը գույն ուներ, տարբերվում էր բոլորից ու տրամադրություն էր ստեղծում։ Կուզեի, որ այս ամենը մի վատ երազ լիներ, ու վեր կենայինք, տեսնեինք, որ ավարտվել է։ Ես անընդհատ ինձ հետ կռիվ եմ տալիս, չեմ կարող հարմարվել այն մտքի հետ, որ Ռոբը չկա»,- ասում է դասղեկը։
Արմինե Խաչատրյանի խոսքով՝ Ռոբերտը սիրում էր ստեղծագործել, յուրահատուկ մտածողություն ուներ, միշտ հանդես էր գալիս հետաքրքիր առաջարկություններով։
«Էքսկուրսիա էինք գնացել դասարանով։ Ճանապարհին ավտոբուսը փչացավ, կանգնեցինք մի սրճարանի մոտ։ Երբ ներս մտանք, պարզվեց, որ այն ամբողջությամբ երաժշտական գործիքներով է զարդարված։ Ռոբը տեսավ դհոլն ու աչքերը փայլեցին։ Խնդրեց թույլ տալ նվագել, սրճարանի աշխատակիցներն ընդառաջ գնացին։ Մինչև ավտոբուսը սարքում էին, նա կազմակերպել էր կենդանի համերգ»,- պատմում է տիկին Խաչատրյանը։





Ռոբերտը զոհվել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում` Սյունիքի Ներքին հանդ գյուղի դիրքերից մեկում։ Նա երկուսուկես ամիս առաջ էր զորակոչվել։ Ռոբերտին մի քանի այլ զինծառայողների հետ մարտական դիրքեր են տարել սեպտեմբերի 12-ին՝ պատճառաբանելով, թե գնում են ինժեներական աշխատանքներ իրականացնելու։
«Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ինձ համար առաջին մեղավորը նա է, ով եկել ու գոռացել ա՝ Գևորգյան Ռոբերտ, գնացինք առաջին գիծ»,- ասում է Ռոբերտի մայրը՝ Մերի Ավագյանը։
Բացի Ռոբերտից նույն դիրքում եղել է նրա հետ զորակոչված Վահե Կարապետյանը։ Ռոբերտի վերջին զանգը սեպտեմբերի 13-ի առավոտյան 8։30-ին էր։ Ըստ ծնողների՝ դիրքի վրա հարձակվել է ադրբեջանական մինչև 500 հատուկջոկատային։
«Դիրքում եղել է երեսուն հոգի, փախչողները փախել են, իրենք վեց հոգով մնացել են, դիրք են պահել։ Այդքանի դեմ չեն կարողացել։ Առավոտյան 8։30 Ռոբը զանգեց, ասաց՝ պապ ջան, մենք շրջափակման մեջ ենք։ Էս կլինի իմ վերջին զանգը, կարող ա՝ էլ չկարողանամ զանգել։ Ասաց՝ էս համբալները եկել են դեմներս, ասում են՝ զենքը դրեք, հանձնվեք գերի։ Հերը բղավում էր՝ ի՞նչ պիտի անես, Ռոբ։ Ասաց՝ անելու բան չունեմ, գերի էլ հանձնվող չեմ, պապ ջան, լավ մնացեք։ Դա էր նրա վերջին զանգը»,- պատմում է մայրը։
Կռվի ընթացքում Ռոբերտը վիրավորվել է։ Հասկանալով, որ գերեվարվելու է, որոշել է կյանքին վերջ տալ։
Ներկայում Հակակոռուպցիոն կոմիտեում կա քրեական վարույթ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով։ Ընթանում է նախաքննություն։
Civilnet











