Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
«Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ նախարար Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր․ «Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը»։
Civilnet











