Անի Ղումաշյան, #CivilNetCheck
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը վերջին օրերին լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով դիտորդական առաքելությունների արձանագրումներին՝ ՔՊ-ի կողմից քարոզարշավի ընթացքում խախտումների մասին, կասկածի տակ էր դրել այդ առաքելությունների անաչառությունը՝ մատնացույց անելով դրանց ֆինանսավորման աղբյուրները։
24 news-ին սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Տիգրան Ավինյանը, անդրադառնալով նախընտրական քարոզչության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության արձանագրած խախտումներին, կասկածի տակ էր դրել «Ականատես»-ի հրապարակած նյութերի ճշմարտացիությունը:
«Այն կազմակերպություննեը, որոնք այդ տվյալները ներկայացնում են, բացարձակապես հեղինակավոր չեն, իրենց անաչառության հետ կապված կան խորքային լուրջ խնդիրներ[…] Ես ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ց ենք դրանք ֆինանսավորվում»,- ասել է Ավինյանը՝ հարց ուղղելով լրագրողին, թե վերջինս գիտի՞՝ որտեղից են այդ կազմակերպությունները ֆիանանսավորվում։
Ավելի վաղ «Ֆակտորի» հետ զրույցում Ավինյանը կրկին պնդել էր, թե դիտորդական առաքելություններն անկախ չեն և հարց էր բարձրացրել դրանց ֆինանսական աղբյուրների մասին։
Ինչ է արձանագրել «Ականատեսը»
Սեպտեմբերի սկզբին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակում էր արել՝ հայտնելով, որ փաստեր ունեն, որ ՔՊ-ն գումարի դիմաց մարդկանց ներգրավում է քարոզչական երթերին մասնակցելու, ինչն արգելված է Քրեական օրենսգրքով։
Վերջին օրերին ևս դիտորդական առաքելությունը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման այլ դրսևորումների մասին։
«Ականատես» դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, օրինակ, շուրջ 20 տարի ներգրավված է քարոզարշավների և բուն ընտրությունների օրը դիտորդական առաքելություն իրականացնելու մեջ։ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ն այս գործում բավական երկար փորձառություն ունի։ Ինչ վերաբերում է «Ռեստարտ»-ին և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամին, ապա այս կազմակերպությունները հիմնադրվել են վերջին տարիներին և նոր են այս գործընթացում։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կայքում բաց հրապարակված է այն դրամաշնորհատուների ցանկը, որտեղից գոյանում են իրենց ֆինանսական միջոցները: Հիմնական դրամաշնորհատուների ցանկում է Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, ՀՀ կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Ժողովրդավարության ազգային ինստիտուտը և այլն։
ԹԻՀԿ-ի դրամաշնորհատուների ցանկը
Ինչ վերաբերում է առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, ապա դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրամիության դրամաշնորհի միջոցով։
Նշենք, որ նույն ԵՄ-ի աջակցությամբ էր, որ Երևանը վերջերս համալրվեց նոր MAN ավտոբուսներով։ ԵՄ-ից դրամաշնորհներ է ստանում ինչպես Երևանի քաղաքապետարանը, այնպես էլ կառավարությունը։
«Անկախ դիտորդի» մասին
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մեկ այլ՝ «Անկախ դիտորդ» դաշինքը, որի անկախ լինելը Ավինյանը կրկին կասկածի տակ էր դրել, ևս թափանցիկ է իր ֆինանսավորողների հարցում։
Դաշինքը դիտարկումն իրականացնում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ՝ «Անկախ դիտորդ առաքելություն – Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 2023» ծրագրի շրջանակում:
Civilnet
CivilNetCheck











