Լեգիտիմ թատրոն
Ընդդիմությունը պետք է հասնի նրան, որ ԱԺ-ում վերացվի անձեռնմխելիությունը: Նախ պատգամավորությունը երբեք էլ անձեռնմխելի չի դարձրել որևէ ընդդիմադիր գործչի: Անձեռնմխելի չի եղել նաև որևէ իշխանական պատգամավոր: 1995-ից ի վեր Հայաստանում անձեռնմխելի խորհրդարանականներ չեն եղել: Անձեռնմխելի են եղել միայն նախագահները: Հետևաբար այդ ինստիտուտը ցույց է տալիս իմիտացիան, որով պարուրել են հասկացությունը:
Դիցուք, 2012-ին ձևավորված ԱԺ-ում որևէ ընդդիմադիրի ինչի՞ն է պետք անձեռնմխելիությունը: Միայն թատրոնն է ավելանում, երբ գլխավոր դատախազը մտնում է ԱԺ և ասում, որ սրան կամ նրան պետք է զրկել անձեռնմխելիությունից: 1995-ից մինչև հիմա ԱԺ-ն չի մերժել ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու որևէ միջնորդություն: Հետևաբար, միմյանց հետ ի՞նչ ընդհանուր բան ունեն պատգամավորությունն ու անձեռնմխելիությունը: 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է, բայց ՀՀԿ-ական լինելը նույնպես իմիտացիոն է, նժդեհական պատգամավորների 95 տոկոսը չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում իր կուսակցականությունը: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ գիտեն ու տեր են իրենց արժեքներին, ջախջախիչ մեծամասնության պարագայում փոքրամասնության ինչի՞ն է պետք անձեռնմխելիությունը: Կա՞ քաղաքական փոքրամասնության որևէ ներկայացուցիչ, որը կվկայի իր անձեռնմխելիությունը և կասի, որ շնորհիվ դրա ինքը հնարավորություն ունի քննադատել իշխանություններին: Առանց դրա էլ լրագրողները քննադատում են: Բայց եթե իշխանությունը որոշի ՀԺ-ի խմբագիր Հայկ Գևորգյանի օրինակով հետապնդել որևէ լրագրողի, ի՞նչը կխանգարի նրան: Հետևաբար, որևէ հասկացությանը մարմին տալուց առաջ պետք է մարմին տալ հասկացություն կրողին` նախագահը պետք է զուտ նախագահի լիազորություններով օժտված մարդ լինի և ոչ թե վրիժառու, ԱԺ նախագահը պետք է ԱԺ նախագահի լիազորություններով օժտված մեկը լինի և ոչ թե Արտաշատի տեր ու տնօրեն, գլխավոր դատախազը պետք է տարբերություն չտեսնի Սամվել Ալեքսանյանի և, ասենք, ընդդիմադիր որևէ գործչի միջև, որպեսզի երկիրը դառնա սահմանադրական երկիր:
Երբ որևէ մեկին օժտում ես կառավարման ֆունկցիաներով, հույսդ չպետք է դնես ընդդիմության ակտիվության վրա, ընդդիմությունը երկիր կայացնելու օժանդակ ուժ է, իսկ գլխավոր դատախազը հենց երկիր կայացնողն է, եթե նա ուրիշի ավտոմեքենան է յուրացրել, թող այդ մեքենան վերադարձնի տիրոջը ու գործ հարուցի ինքն իր դեմ: Եթե երկիրն ինքն է թատրոն, նշանակում է նույնքան թատերականացված է ընդդիմություն կամ հասարակական գործիչ լինելը: Որովհետև այդ թատրոնի մեջ արդեն չի կարող որևէ մեկը լինել ոչ լեգիտիմ: Եթե նախագահդ լեգիտիմ է և 2008-ին ընտրվել է արդար ընտրություններով, ուրեմն լեգիտիմ է նաև նրա մեղադրանքը, ուրեմն լեգիտիմ է գլխավոր դատախազի ավտոմեքենան, ուրեմն լեգիտիմ է Հովիկ Աբրահամյանը, որը առ այսօր բերանացի որևէ հայերեն նախադասություն չի ձևակերպել, ուրեմն լեգիտիմ է Սամվել Ալեքսանյանի բիզնեսը, ուրեմն լեգիտիմ է որևէ մեկի մուրացիկությունն ու զինվորի մահը ոչ մարտական պայմաններում: Նախ երկիրը պետք է ճշտի լեգիտիմության սահմանները, այդ հասկացությանը պետք է մարմին հաղորդի, եթե չի հաղորդում, թող պատրաստ լինի արդարին ուղղված մեղադրանքին ու դրա ապացույցներին: Այսինքն, նախ պետք է պատրաստ լինի դաժանության ստեղծագործական երևակայությանը, որտեղ, ոչ լեգիտիմ ամեն ինչի նման, գեղարվեստի նշույլ չկա և չի էլ կարող լինել:
Թեմա
Մհեր Արշակյան










