Կառավարությունը պահուստային ֆոնդից 8 մլրդ դրամ տրամադրեց՝ բռնի տեղահանված արցախցիներից յուրաքանչյուրին 100 հազար դրամի չափով միանվագ օգնություն տրամադրելու համար։ Որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում։
Ընդհանուր առմամբ 100 հազարից ավել արցախցիներին այս վճարումները կատարելու համար կպահանջվի 10 մլրդ դրամ, որից 8-ը տրամադրվել է կառավարության այս որոշումով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում հայտարարեց՝ վճարումները կսկսվեն արդեն ուրբաթ օրվանից՝ այսինքն վաղվանից։
«Աջակցությունից օգտվելու համար կարևոր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության տվյալների բազայում։ Մենք հորդորում ենք անձանց հաշվառվել տարածքային հումանիտար կենտրոններում։ Բոլոր նրանք, որ ունեն բանկային քարտեր, կարիք չունեն բանկեր գնալու և նոր քարտեր վերցնելու, այդ մարդկանց համար առաջին վարումները կլինեն առաջիկա օրերին։ Ովքեր քարտեր չունեն, պետք է մոտնենան բանկեր, անվճար ձևով իրենց համար հաշիվ կբացվի։ Կենտրոնական բանկը մեզ կփոխանցի այդ տվյալները ու նրանց ևս կվճարենք»,- ասաց Մկրտչյանը։
Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները, 75 տարին լրացած անձինք աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով, «Հայփոստ»-ից՝ անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։
Civilnet











